«Մամա, խոխեք զինվորներս չկան, ծնողների աչքերին ո՞նց եմ նայելու». Ավագ լեյտենանտ Վլադիմիր Գուրջիյանը զոհվեց ընդամենը 25 տարեկանում

«Ինքը մինչև վերջ չասեց՝ ինչ ա կատարվում, մենակ ասեց՝ մամա, խոխեքից շատերը չկան, զինվորներս չկան, ծնողների աչքերին ո՞նց եմ նայելու, ինքը միայն երեխեքի մասին էր մտածում… Դե հիմա ոչ ինքը կա, ոչ երեխեքը, էդ պոստից ոչ մեկը չկա»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 50-ամյա Լյուսիկ Պետրոսյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ավագ որդուն։

Լյուսիկ Պետրոսյանը, իր ապրած կյանքին հայացք նետելով, ասում է՝ ամեն ինչ տեսավ, ամեն ցավ զգաց։

Լյուսիկը ծնվել և մեծացել է Բաքվում, 16 տարեկանում Բաքվից տեղահանվել է՝ կորցնելով Բաքվի տունը, 2020-ի պատերազմի ժամանակ կորցրել է Հադրութում ունեցած տունը և ամենածանրը՝ 25-ամյա որդուն։

Ամուսնալուծվելուց հետո մենակ է մեծացրել չորս երեխաներին, դժվարությամբ ու չարչարանքով ապահովել նրանց կարիքները, բոլորին կրթության տվել։ Բոլոր նպատակներն ու երազանքները կապել է երեխաների հետ։ 

yntaniq

Ավագ որդու զոհվելուց հետո ասում է, որ տեղը չի գտնում՝ կյանքը փոխվեց։ Ավագ որդին տան հենարանն ու հույսն էր, ամեն հարցով իրեն էին դիմում: «Տղես իմ մեջքիս կանգնած էր, մեր սաղ ընտանիքի հարցերը ինքն էր լուծում, իմ հույսն ու հավատն էր»,- ասում է որդեկորույս մայրը։

Որդին՝ ավագ լեյտենանտ Վլադիմիր Գուրջիյանը, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայել է Ջրականում, 44-օրյա պատերազմի ժամանակ թեժ մարտերում վիրավորում է ստացել, մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: 

Կինը ամբողջ պատերազմի ժամանակ չի հեռացել Արցախից, մնացել է Ստեփանակերտում, ասում է՝ չէր կարող դուրս գալ, երբ գիտեր, որ երկու որդին առաջնագծում հակառակորդի դեմ են պայքարում: Որոշել է մնալ, որդիներին մոտ լինել։

Լյուսիկը թախծոտ ժպիտով հիշում է, որ նախորդ տարի հունիսի 1-ին ավագ որդուն նշանել էին, որոշել էին այս տարի հուլիսին հարսանիք անել, բայց ամեն ինչ կիսատ մնաց․ «էդ աղջիկն էլ տենց մնաց, մեր կյանքն ի՞նչ եղավ»։

Մայրն ասում է՝ որդին շտապում էր նշանվել, ամուսնանալ, երեխա ունենալ, սիրտը վկայում էր, որ կռիվ է լինելու, հաճախ էր մոր հետ այս մասին խոսում։ 

Որդու կորստից հետո սփոփանք չի գտնում, բայց հույս ունի, երազում է՝ երեխաները այլևս կռիվ չտեսնեն: «Ես մենակ երեխեքիս մասին եմ մտածում, որ իրանք էլ են իմ նման ապրում, տուն-տեղ կորցրել են, ոնց որ ես իրանց տարիքում Բաքվից դուրս գալիս, Արցախն էլ չգիտենք ինչ ա լինում, 30 տարի հետո նույնը։ Ես էլ արդեն տարիքով մեծ եմ, ամեն ինչը տեսած, ինձ ի՞նչ մնաց, ոչ մի բան»,- ցավով ու ափսոսանքով ասում է 50-ամյա կինը: