Այս հայի քանդակներից չկա ողջ աշխարհում. գիտե՞ք՝ ինչով են տարբերովում դրանք

Այդ հայը քանդակագործ, ճարտարապետ, նկարիչ Ալբերտ Մուկուչի Մխիթարյանն է, ով ծնվել է 1954 թվականին Գյումրիում։

Սկզբում ավարտել է տեղի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, իսկ 1981 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ Ճարտարապետությանը զուգահեռ զբաղվել է քանդակագործությամբ ու նկարչությամբ։ 44 տարեկան էր Ալլբերտ Մխիթարյանը, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Ֆրանսիա։ Այսօր նա ապրում և ստեղծագործական գործունեություն է ծավալում Նիս քաղաքում:

Հենց նա է 1999 թվականին Նիսի եկեղեցական խորհրդի պատվերով ստեղծել է 2 մետր բարձրություն ունեցող խաչքար, որը տեղադրվել է Նիսի հայկական եկեղեցու բակում։ Բացի այդ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առիթով տաղանդավոր հայը ստեղծել է հարթաքանդակ Նիսի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի համար: 2002 թվականին Կաննում ստեղծել է մոնումենտալ հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած և զոհված մարտիկների հիշատակին։

Ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Իրանում և ԱՄՆ-ում։ 2017 թվականին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին առաջին անգամ անհատական ցուցահանդես է ունեցել հայրենի քաղաքում՝ Գյումրիի Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում «Իմ կարոտը Գյումրիին» խորագրով։ Բազմաժանր ցուցահանդեսում Մխիթարյանը ներկայացրել է 20 քանդակ և 30 նկար:

Քանդակագործի աշխատանքները իրենց յուրահատկությունն ունեն: Ինչպես նա է նշում՝

Աշխատանքներիս մեջ գերակշռում են կանաչով գունավորված քանդակները։ Համաշխարհային քանդակագործության մեջ էլ քիչ է փիրուզային կանաչ գույնը։ Ի վերջո, դա ներկ չէ, այլ թթուներով բրոնզը հասցնում ես այդ գույնի։