Բարձրակրունկների փոխարեն՝ բարձրաճիտք կոշիկներ, կարճ կիսաշրջազգեստի փոխարեն՝ զինվորական համազգեստ․ դիպուկահար Լուսինեի պատմությունը
Հայ կինը սիրո, նվիրվածության, քնքշության ու հեզության մարմնացումն է։ Որպես ընտանիքի նվիրյալ պահապան՝ նա երբեք չի կորցրել իր կանացի դիմագիծը։
Հայ կնոջ՝ կանացիության և քնքշության կարծրատիպերից դուրս գալու միտումը նրան դարձրեց անկոտրում զինվոր՝ նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ։ Նուրբ դիմագծերի մեջ թաքնված խիզախ կանանցից է հայոց բանակի դիպուկահար Լուսինեն։
Տիկին Ալլան դստեր մասին խոսում է մայրական քնքշությամբ, և զինվորի մորը բնորոշ հպարտությամբ։
-Ես դեմ էի, բայց նա ինձ չլսեց։ Նա սիրում է, նա շատ է սիրում զինվորական ծառայությունը։ Նայում եմ նրան, ասում եմ՝ դու պետք է տղա ծնվեիր, ոչ թե աղջիկ։
Փոքրիկ ու համարձակ Լուսինեին ուրիշ մասնագիտություն չէր հետաքրքրում.
-Ես ուզում էի, որ նա բժիշկ դառնա, բայց այդ մասնագիտությունը նրան դուր չէր գալիս։
Բարձրակրունկների փոխարեն՝ բարձրաճիտք կոշիկներ, կարճ կիսաշրջազգեստի փոխարեն՝ զինվորական համազգեստ։ Լուսինեն սա է ընտրել մանկուց։ Զինվորի խստաշունչ համազգեստն ընդգծում է նրա կանացի հմայքը, աչքերի յուրահատուկ փայլն ու դիպուկ հայացքը ամբողջացնում են նրա դիպուկահարի մասնագիտությունը։
«Հիշում եմ, որ նա միշտ գալիս էր ու ասում. «Մա՛մ, ես խփեցի թիրախին, մա՛մ, ես թռա բարձր տնից, ես նույնպես ուրախ էի, բայց դեռ չեմ հաշտվել նրա ընտրության հետ»- պատմում է Տիկին Ալլան։
Արցախյան վերջին պատերազմի ժամանակ էլ Լուսինեն կանգնած էր սահմանին և կռվում էր հանուն խաղաղ հայրենիքի։