Ոչխարներին արածեցնող թուրք հովիվը մեղադրվել է Հայաստանի օգտին պետական դավաճանության մեջ

Բաքվում հերթական հայկական լրտեսական ցանցն են բացահայտել, ու մեր արևելյան հարևանի հետ կապված կրքերը կրկին բորբոքվել են։

Նոր տարվա նախաշեմին Ադրբեջանի արդարադատության նախարարության Դատական փորձաքննության կենտրոնի ղեկավար Ֆուադ Ջավադովն ի լուր աշխարհի հայտարարել է, որ հայկական լրտեսական ցանցի նամակագրությունը վերականգնված է ու ապացուցված։ Ամեն դեպքում նրա ասածն այսպես է փոխանցում ադրբեջանական հարթակներից մեկը։ Դե ինչ անեն, եթե անելու բան չկա, ուրեմն պետք է ցույց տալ, որ մշտապես պահպանում են զգոնությունը հանուն հայրենիքի բարօրության։

Իսկ լրտեսները մեկը կամ երկուսը չեն, այլ հարյուրը։ Ակամայից սկսում ես հպարտանալ հայրենական հետախույզներով։ Այսպես, վերոհիշյալ լրտեսական կրքերի հարցով ձերբակալվել ու հարցաքննվել են Աղդամի շրջանի 40 զինվոր ու քաղաքացիական անձ։ Բոլորին կասկածում են հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։

Հարցաքննություններից հետո ձերբակալվել են տասնյակ զինծառայողներ, նաև ինչ-որ քաղաքացիական անձինք, բայց մի հովվի համար հատուկ կատեգորիա է առանձնացվել։ Ոչխարներին արածացնող հովիվը մեղադրվել է Հայաստանի օգտին պետական դավաճանության մեջ։

Երևի իր ոչխարների հետ սարի գագաթ է բարձրացել, արձանագրել ադրբեջանական ԶՈՒ-ի դիրքերը, իսկ շաբաթ օրերին տարածքային կենտրոնում սոլֆեջոյի դասերի է հաճախել ու գծագրերը թշնամուն փոխանցել նոտաների տեսքով։ Ուղղակի անհեթեթություն է։