«Դու անմահ հերոս ես». Բացվեց ՀԵՐՈՍ կապիտան Արթուր Խաչատրյանի հիշատակին նվիրված խաչքար-հուշաղբյուր

Դեկտեմբերի 19-ին Երևանի Շենգավիթի վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցում հավաքվել էին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, կապիտան Արթուր Խաչատրյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, 44-օրյա պատերազմում նահատակված այլ հերոսների ծնողներ, հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից:  

Նորագավիթ 1-ին փողոցի 32 տան մոտ բացվեց խաչքար-հուշաղբյուր՝ նվիրված Ա. Խաչատրյանի հիշատակին: Խաչքար-հուշաղբյուրի մոտ բացվել է նաև նորագավթցի 6 լեգենդ դարձած ու նահատակված հերոսների անունով ցուցանակներ: Այդ հերոսներն են՝ 22-ամյա Գոռը, 48-ամյա Արմենը, 19-ամյա Սեյրանը, 20-ամյա Սամվելը, 18-ամյա Էդգարը և 19-ամյա Հայկը:

«Արթուրս գերազանցությամբ ավարտեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը, բայց երբեք իր մասնագիտությամբ չաշխատեց։ Մեզանից թաքուն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ու գնաց բանակ։ Այնուհետև 7 տարի ծառայեց Մարտակերտում։ Այնտեղ ծանոթացավ Քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ։ Միշտ հիանում էր նրա ծառայությամբ։ Քառօրյա պատերազմից մեկ տարի առաջ` 2015 թվականին, Արթուրս հանդիպեց իր սիրելիին` Ռուզաննային ու ամուսնացավ, աղջկան էլ տարավ Մարտակերտ»,- պատմում է մայրը՝ Հասմիկ Մելքոնյանը։

Արթուրը զոհվել է հոկտեմբերի 20–ին, Ջրականում, ԱԹՍ-ի հարվածից։ Հոկտեմբերի 24–ին Արթուրին հուղարկավորեցին Եռաբլուրում։ Հուշաքար–ցայտաղբյուր բացելու մտահաղացումն ընտանիքինն է, սակայն այն կյանքի են կոչել հարևանները, բարեկամներն ու Արթուրի ընկերները։

Արցախյան վերջին պատերազմում անմահանալուց հետո 31-ամյա կապիտան Խաչատրյանը հետմահու ՀՀ նախագահի որոշմամբ արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի: Նա բազմաթիվ պարգևաների ու շքանշանների է արժանացել իր ծառայության ընթացքում:  

Լեգենդ դարձած հերոսը այսօր կդառնար 32 տարեկան: