Այգի հերոսի անունով․ ո՞վ էր նախաձեռնության հեղինակը
Թաթուլի կինը պատմում է, որ ամուսնու զոհվելուց հետո անընդհատ մտածում էր` ինչպե՞ս կարելի է Ազգային հերոսի կոչում ունենալ, պարգևատրված լինել Հայրենիքի բարձրագույն շքանշանով, բայց մայրաքաղաքում չունենալ սեփական անունով որևէ հաստատություն:
Կրպեյանի անունով կային դպրոցներ, բայց` ոչ մայրաքաղաքում: Միայն ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում կար լսարան, որն անվանակոչվել էր նրա անունով, և այնտեղ տեղադրվել էր կիսանդրի: Նրա անունով կոչված մեկ փողոց անգամ չկար, իսկ դա հենց մեզ` ապրողներիս է պետք, մենք դրանով արժևորում ենք և սերունդներին փոխանցում նրա հիշատակը:

2015 թվականին` Թաթուլի ծննդյան 50-ամյակի պետական միջոցառումների շրջանակում ընտանիքի անդամներն բարձրացրին այդ հարցը՝ հորդորելով կառավորությանը` առաջարկն անպայման հաշվի առնել:
Արդյունքում`Նորքի առաջին զանգվածում թիվ 62 դպրոցը և Լվովյան փողոցի ու Գայի պողոտայի հատման անկյունում եղած այգին կոչվեց Թաթուլի անունով: 2017 թվականի գարնանն էլ նրա ծննդյան առիթով այգում բացեցին Հայաստանի ժողովրդական նկարիչ և քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած` Թաթուլի կիսանդրին:

Այդպիսով, բացի Քաշաթաղի շրջանում նրա անունով պուրակից, Կովսականի և նրա հայրենի գյուղում` նրա անունով կոչված դպրոցներից, Թաթուլ Կրպեյանն արդեն ներկա է նաև մայրաքաղաքում: