Սուրբ Աստվածածին եկեղեցին այն եզակի կառույցներից է, որը երբևէ չի ավերվել․ ահա թե ինչ ճակատագրի է արժանացել այս եկեղեցին

Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանի հին մատուռ-եկեղեցիներից է։ Կաթողիկե Սուրբ Աստվածածինը իրենից ներկայացրել է արտաքուստ ուղղանկյուն հատակագծով շինություն, որը ուներ չորս հաստ սյուներով եռանավ սրահ և արտաքին պատերին նստած երկթեք տանիքով թաղակապ ծածկ, հարավային դռան առջև` գավիթ, որը, ըստ արձանագրության, նորոգվել է 1860 թվականին։ Կաթողիկեի հին շինությունն ունեցել է նաև ժամատուն։

Եկեղեցու հին կառույցի պատերին եղած արձանագրություններից վաղագույնը թվագրված է 1264 թվականով։ Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան 1284, 1229 և 16-րդ դարով, իսկ հյուսիսային պատին՝ 1609 թվականով թվագրված արձանագրություններ։ Ըստ պատմաբանների եկեղեցու բազիլիկն ըստ կառույցի տեսակի դասական բազիլիկայի խիստ բնորոշ և կայուն տիպ է և ամենաուշը 7-րդ դարի կառույց էր, իսկ ներկայումս պահպանված Սուրբ Աստվածածին մատուռը, որ շարունակում է կրել Կաթողիկե անունը կառուցվել է 10-րդ դարում։

11-15-րդ դարերի ընթացքում Կաթողիկեն և Սուրբ Աստվածածինը կառուցվածքով իրար կապված, բայց իրարից անկախ եկեղեցիներ են եղել։ Կաթողիկե եկեղեցին ունեցել է քահանաների օթևան, որտեղ ապրել են Մովսես Սյունեցին, Մելիքսեթ և Սահակ կաթողիկոսները։ Եկեղեցին վերակառուցվել է 1693 թվականին Երևանի մեծ երկրաշարժից հետո, սակայն ինչպես եզրակացնում է Երվանդ Շահազիզը՝ այն բոլորովին կործանված չի եղել և վերաշինվել է, ըստ երևույթին, հնի ձևով և ոճով հնի մնացորդների վրա։

Եկեղեցու հարավային պատին առկա են կրակոցների հետքեր, որոնք ըստ քաղաքային լեգենդի՝ թողել են Երևանը պաշարած բոլշևիկները։ Սակայն Կաթողիկեի 1936 թվականի ապամոնտաժումից առաջ եկեղեցին չափագրած ու արձանագրությունները վերծանած Կարո Ղաֆադարյանը պնդում է, որ դրանք կարող էին առաջացած լինել միայն պարսից շահ Աբբասի՝ Երևանը գրավելու մարտերի ժամանակ՝ 1604 թվականին, որովհետև մինչ այդ Հայաստանում հրազեն չի գործադրվել, իսկ 1609 թվականին արձանագրած այդ պատը ծածկվել է ժամատան մասերով, հետագայում՝ 1679 թվականին երկրաշարժից, երբ փլվել է ժամատունը, այդ պատը ծածկվել է մեծ եկեղեցու ավանդատների պատերի մեջ ու բացվել միայն1936-ին։