Թարգմանչաց կամ Սուրբ Մարիամ Աստվածածին վանք․ որտե՞ղ է գտնվում վանական համալիրը

««Թարգմանչաց վանք», շինողը անհայտ, կգտնվի Էջմիածնեն Օշական գնալու ճանապարհին ձախ կողմը, Էջմիածնեն քիչ հեռու․ Հռիփսիմեի ևևն ու ոճը ունի, անկասկած է 7-րդ դարուն պատկանելը»։ Այսպես է արտահայտվել վանքի մասին Թորոս Թորամանյանը 1942 թվականին։

Թարգմանչաց վանքը գտնվում է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում, պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում։ Բնակիչները, որ անցած դարի ռուս-պարսկական պատերազմների ժամանակ այստեղ են եկել Խոյից, տաճարը կոչում էին Սուրբ Մարիամ Աստվածածին, իսկ Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը այն կոչեց Թարգմանչաց վանք։

Տաճարը կառուցված է եղել տեղական սև և մասամբ շագանակագույն մեծ չափերի տուֆաքարով և կրաշաղախով։ Տաճարի արտաքին ճակատների վրա տեղ գտած զարդաձևերը զուսպ են և փոքրաթիվ։ Տաճարի արևելյան, հյուսիսային և հարավային ճակատները օժտված են սեղանաձև հիմքով և հատած կիսակոնաձև վերնամաս ունեցող զույգ խորշերով, որոնք իրենց չափերով ու ճակատների հարթության վրա գրաված դիրքով տաճարի ամբողջական հորինվածքի հետ ներդաշնակ են ու համաչափ։

OLYMPUS DIGITAL CAMERA

Տաճարը մինչև անցյալ դարի կեսերը եղել է կանգուն։ Կործանվել է ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ։ Այժմ կանգուն է տաճարի հյուսիս-արևելյան անկյունը միայն՝ արևելյան խորանի, հյուսիս-արևելյան ավանդատան ու 3/4 խորշի և հարավ-արևելյան ավանդատան մի մասի ներքնամասերը: