Ի՞նչպես էր հայհոյող և հայերեն խոսող թութակը հայտնվել Երևանում․ ինչու՞ նրա պատճառով ձերբակալեցին տղային
Ավագ սերունդը դեռ հիշում է Երևանի փետրավոր «բնակչին», որին զինվոր Գուրգենն էր բերել Դրեզդենից։ Նա ոչ միայն խոսում էր գերմաներեն և հայերեն, այլ նաև դարձել էր Երևանի այցեքարտը։
Ռուբոն աչքի էր ընկնում շատախոսությամբ` անընդմեջ կրկնելով բառերը և արտահայտությունները, իր շուրջը չէր հանդուրժում հեղինակությունների։ Ռուբոն թութակ էր, կանաչ թութակ։
Թռչունը Երևանում էր հայտնվել պատերազմից հետո և հայտնի ռազմական ավար էր։ Թութակին Դրեզդենից զինվոր Գուրգենն էր բերել։ Նրան դրել էր վանդակի մեջ և սկսել գերմաներենի փոխարեն հայերեն սովորեցնել։

Պատերազմից հետո Երևանում ապրելը դժվար էր բոլորի համար, բայց պետք է իմանալ, որ Գուրգենը ռազմաճակատից վերադարձել էր առանց ոտքերի և մեկ ձեռքի, ապրում էր ծեր մոր հետ, և եթե չլինեին հարևանները, որոնք ամեն կերպ օգնում էին նրան, կյանքն ավելի դառը կլիներ։ Եվ նրա գլխում փայլուն միտք ծնվեց. ավելի լավ չի՞ լինի, եթե ինքն օղի խմելու, թութակն էլ հայհոյելու փոխարեն միասին մի գործ անեն, որը ոչ միայն կուրախացնի մարդկանց, այլև կկերակրի իրենց։
Ի՞նչ էին սովորեցրել թութակ Ռուբոյին։ Հարևանուհի Վարյան` հացի խանութի վաճառողուհին, գեղեցիկ ձեռագրով թերթիկների վրա համառոտ և հստակ գրել էր, թե ինչի սպասել, ինչից զգուշանալ, ինչպես խուսափել անհաջողություններից և հասնել հաջողության։ Ծալած թղթերը դրել էին փայտե արկղի մեջ, որը կախված էր Գուրգենի կրծքից, և նա քայլում էր շուկայում ու կանչում. «Բախտ նայեմ, փորձանքից պահպանեմ, երջանկություն պարգևեմ։ Շատ էժան է, մոտեցի՛ր»։ Մոտենում էին։
– Անունդ ի՞նչ է, քանի՞ տարեկան ես, մեդալներ ունե՞ս, – հարցնում էր Գուրգենը` թութակին մոտեցնելով հաճախորդի այտին։ Երևի ծանոթացնում էր։

Հետո Ռուբոն, պտտելով խայտաբղետ գլուխը, կտցահարում էր արկղը, հանում ճակատագրական թերթիկներից մեկը և մեկնում հաճախորդին։ Ով ինչքան կարողանում, այդքան էլ վճարում էր, բայց քանի որ բոլորը սպասում էին բարի լուրերի, գումար չէին խնայում:
Կարճ ասած, Ռուբոն կարգին կերակրում էր Գուրգենին ու նրա մորը, և ամեն ինչ լավ կլիներ, եթե Վարյան` հացի խանութի վաճառողուհին, մի անգամ քերականական սխալ չաներ։
Փոխարինելով մաշված թուղթը նորով` նա գրել էր. «Զգուշացիր Տիրանից, նրանից լավ բան մի սպասիր»։ Ահա այստեղ էլ տեղի էր ունեցել տեխնիկական սխալը. «Տիգրան» անունից դուրս էր ընկել «գ» տառը, ինչը ստալինյան բռնապետության պայմաններում ոչ մի լավ բան չէր խոստանում (ռուսերեն «тиран» բառը թարգմանվում է «բռնակալ». խմբ.)։ Եվ այնպես պատահեց, որ այդ օրը շուկայի կին միլիցիոները մոտեցավ Գուրգենին։
– Բախտդ փորձե՞ս, – ժպտաց նա հին ծանոթին։

– Քաշի՛ր, – թութակին հրամայեց Գուրգենը:– Դե, գիտես՝ համազգեստով մարդկանցից փող չենք վերցնում։ Ռուբոն քաշեց։ Միլիցիոներին տվեց թերթիկը, նա կարդաց և իսկույն խոժոռվեց։
Հաջորդ օրը եկան Գուրգենի հետևից։ Ամենից շատ անհանգստացավ Վարյան, բայց մի քանի օր անց, գրելով ցուցմունքները, կնոջը նախատեցին, իսկ Գուրգենին ազատ արձակեցին։