Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը․ եղե՞լ եք Պտղնավանքում

Պտղնիի տաճարը կամ Պտղնավանքը գտնվում է Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրում։ Վանքը ներկայումս կիսավեր վիճակում է, պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան հատվածը և արևելյան գմբեթակիր կամարը։

Վանքը կառուցվել է 6-րդ դարի վերջին 7-րդ դարի սկզբին։ Ամբողջովին պահպանված հյուսիսային ճակատի ստորին մասի կենտրոնում գտնվում է կամարակամ, երկլանջ կտուրի տակ առնված շքամուտքը։ Քիչ բարձր, աջ ու ձախ կողմերից շարված են երեքական միաձև ու միաչափ, կամարունքերով պսակված լուսամուտներ։

OLYMPUS DIGITAL CAMERA

Հարավային ճակատին պահպանված լուսամուտի կամարունքը ևս պատված է հարթաքանդակներով, որոնք վաղ միջնադարյան հայկական արվեստի եզակի նմուշներ են։ Պատկերված է Աստվածամայրը, Քրիստոսը, առաքյալները։ Առկա են աշխարհիկ բովանդակության քանդակներ, որոնց անվանում է նշված Մանուել Ամատունին՝ հեծյալ, որը նետահարում է արդեն վիրավոր մի գազանի։ Մանուել Ամատունու քանդակից աջ պատկերված է առյուծի հետ նիզակով մենամարտող մարդ, որին հավանաբար կարելի է նույնացնել Մանուել Ամատունու որդի՝ Սահակ Ամատունու հետ։

Հայտնի չէ, թե երբ է կործանվել տաճարը, պարզ է միայն, որ դեռևս անցյալ դարի 70-ական թվականներին կանգուն էր նրա արևելյան պատը, որից այժմ պահպանվել են առանձին մնացորդներ միայն։
Պտղնիի տաճարն ընդգրկված է Հուշարձանների պահպանության պետական ցուցակում և համարվում է հանրության սեփականությունը։