Խանջյանի խորհրդավոր մահը և 16–ամյա հայ տղան

Այս պատմության մասին քչերը գիտեն։ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը դարձել է ստալինյան ռեժիմի զոհ։ Նրա հետ միասին տուժել են շատերը, այդ թվում` երևանցի մի տղա, որը դեռ 16 տարեկան չկար։ Այսօր քչերը գիտեն Խանջյանի մասին։ Գիտեն հիմնականում փողոցով։ Տարօրինակ է…

Խանջյանի ճակատագիրը կանխորոշված էր։ Այն մասին, թե ինչպես են հաշվեհարդար տեսել նրա հետ` ստորև, իսկ առայժմ` երևանցի տղայի մասին։ Մեզ հաջողվել է իմանալ նրա մասին միայն Կոլիմայի բանտում երկար տարիներ նստած քաղբանտարկյալ Վառլամ Շալամովի խոսքերից։

«Մեր բրիգադում գործիքներ բերողը մի տղա էր՝ երևանցի 16-ամյա դպրոցական, որին մեղադրել էին Խանջյանի դեմ մահափորձի մեջ։ Տղային դատապարտել էին 20 տարվա ազատազրկման, բայց նա շատ շուտ մահացավ՝ չդիմանալով խստաշունչ ձմռանը»։

Ինչո՞ւ պետք է պատանին ծառից թութ քաղելու և մաքուր ջրերում լողալու փոխարեն որոշեր սպանել մի մարդու, որին Հայաստանում բոլորն էին սիրում։ Տարիներ հետո պարզվեց ճշմարտությունը՝ Խանջյանի սպանության մասին։ Պարզվում է, որ Բերիան իր ձեռքով սպանել է Խանջյանին իր աշխատասենյակում։ Ներկայացնում ենք քարտուղարի հուշերը․

«Ես մոտեցա Բերիայի սենյակի դռանը։ Թեթևակի թակեցի։ Պատասխան չլսելով՝ հրեցի դուռը և քարացա․Բերիան սպանել էր նրան։

Ցնցվելով` արագ փակեցի դուռը և հետ գնալով` դուրս եկա ընդունարան։ Եվ հանկարծ սուր ճիչ լսեցի․ «Բժի՜շկ։ Արա՛գ։ Աղասին ինքնասպան է եղել»։ Ես շրջվեցի և տեսա, որ Բերիան է գալիս՝ ձեռքերում պահած Խանջյանին։ Ճիչերը լսելով՝ ներս վազեցին Բերիայի և Խանջյանի թիկնապահները»։