«Եթե պետք ա հողերը հետ տային, ինչի՞ համար էսքան զոհեր եղան». 28-ամյա Գոռի մայրը չի համակերպվում որդու կորստի հետ
49-ամյա Շուշիկ Մաթևոսյանը իր յոթ զավակների և ամուսնու հետ Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում տուն էր ստեղծել, այգիներ տնկել, հողագործությամբ էին զբաղվում ու մասնագիտական աշխատանքներ կատարում։
Պատերազմը ոչ միայն խլեց այն, ինչ տարիներ շարունակ կառուցել էին, այլև 28-ամյա որդուն՝ Գոռ Գասպարյանին։

Գոռ Գասպարյանը մասնակցում էր արդեն երկրորդ պատերազմին, մինչ այդ Ապրիլյանին էր մասնակցել, արժանացել Արիության մեդալի։
Պատերազմի լուրն առնելուն պես՝ սեպտեմբերի 27-ին, եղբոր հետ կամավոր մեկնել է առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու: 4 օր անց ընտանիքին հայտնում են որդու՝ Գոռի զոհվելու լուրը։
«Ինքը արդեն պետք ա հունվարին ամուսնանար, ընկերուհի ուներ, մեծ երազանքներ ուներ ու հենց Ղարաբաղում մնալու համար… Որ ասում էին՝ Գո՛ռ, Ռուսաստան գնա, ասում էր՝ ի՞նչ կա Ռուսաստան, եթե իմ հողը ստեղ ա։
Շատ էր սիրում Արցախը, հենց մի կռիվ էր լինում, ասում էինք՝ ի՞նչ կլինի, մի՛ գնա, ասում էր՝ եթե ես չգնամ, սաղ չգնան, հետ կանգնեն, ո՞վ ա մեզ պաշտպանելու, մեր հողերը ո՞ւմ են տալու։
Տրակտոր էր քշում, գյուղում եթե մի բան էր լինում, ասում էին՝ արի խոտ քաղի, հող վարի, գնում էր, ասում էր՝ եթե ունեմ, պիտի օգնեմ, հո մենակ չե՞մ թողելու ժողովրդին, մենք եկել ենք, որ մեկս մյուսին պահենք»,- հիշում է մայրը։

Մայրն ասում է, թեև յոթ զավակ ունի, բայց Գոռի կորուստը ոչ մի կերպ չի սփոփվում․ «Ես ունեմ բալիկներ, թոռներ, բայց ամեն էրեխա իրա տեղն ունի, դժվար ա, մենք հլը որ չենք հարմարվում էս կյանքին, էրեխեքի էսքան թափած արյունները, էս ծնողի համար մեծ ցավ ա։
Եթե պետք ա հողերը հետ տային, ընչի՞ համար էսքան զոհեր էղան, ավելի լավ էր՝ սուսուփուս հետ կանգնեինք, հիմա ոչ մի բան չեմ կարում զգամ, սաղ երկրորդական ա դառել»,- հուզմունքով նշում է որդեկորույս մայրը։
Ասում է՝ դեռ չի պատկերացնում ապագան, ամեն ինչ կորցրել է, Արցախ վերադառնալ էլ չի կարող, սահմանին կատարվող վերջին իրադարձություններից հետո՝ առավել ևս: