«Էլ ոչ ոք չունեմ, չգիտեմ՝ ինչի եմ ապրում»․ 62-ամյա Գոհար Սեխպոսյանը պատերազմում կորցրեց տունն ու միակ որդուն
62-ամյա Գոհար Սեխպոսյանը, որը մասնագիտությամբ մանկավարժ է, 2020-ի 44-օրյա պատերազմում կորցրել է միակ որդուն։ Ծանր կորստից հետո որդեկորույս մորը տանջող միակ հարցը պատասխան չունի. «Չգիտեմ, թե ինչի եմ ապրում»։
Որդին՝ 29-ամյա Տիգրան Ավագյանը, որը «Սև հովազ» ջոկատի կազմում նաև 2016-ի Ապրիլյան պատերազմի մասնակիցն էր, սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն իմանալուն պես կամավորագրվել ու մեկնել է առաջնագիծ. «Եղնիկներում» հակառակորդի դեմ պայքարում հոկտեմբերի 19-ին զոհվել է ռմբակոծության հետևանքով։ «Ինքը կամավոր գնաց։ Իրան ոչ մեկը չէր տանի կռիվ, ոչ մի զինկոմիսարիատ չէր տանի, որովհետև առողջական խնդիրներ ուներ»,- ասում է մայրը:
Իսկ առողջական խնդիրները Տիգրանը «վաստակել» էր բանակում ժամկետային ծառայության ժամանակ՝ հրազենային վիրավորում էր ստացել գլխուղեղի շրջանում: «Վիրավորումից հետո դադարեցվել է նրա ծառայությունը։ 7-8 ամիս հիվանդանոցում ենք եղել, ինքը 40 օր կոմայի մեջ ա եղել, Աստծո ողորմածությամբ իրան հանել են էդ վիճակից: Բայց հիմա սենց եղավ․․․»,- կոկորդում լացը խեղդելով՝ ասում է մայրը։

29-ամյա երիտասարդը, անտեսելով առողջական խնդիրները, դարձյալ դիմել է «Սև հովազ» կամավորական ջոկատին, որի հրամանատարը Ռուստամ Գասպարյանը (նա նույնպես մահացավ 44-օրյա պատերազմի ժամանակ-հեղ.) փորձել է Տիգրանին հետ պահել: Սակայն՝ ապարդյուն:
Գոհար Սեխպոսյանը մանկավարժ է, օտար լեզուների մասնագետ։ 2001-ին Երևանից գործուղվել էր Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ։ Շատ էր սիրել Իշխանաձորը ու որդու հետ շարունակել ապրել այնտեղ։ Գոհարը միայնակ է մեծացրել Տիգրանին։ Ասում է՝ եղել են և՛ ծանր ու դժվար, և՛ ուրախ ու երջանիկ օրեր։ Կարոտով է հիշում նախապատերազմական կյանքը՝ որդին կողքին էր, կյանքը խաղաղ էր: Սակայն պատերազմը մեկ անթարթում փշուր-փշուր արեց ամեն ինչ. ոչ Իշխանաձորի տունը կա, ոչ միակ որդին․ «Ոչ ոք չունեմ»:

Գոհարը որդու զոհվելու մասին իմացել է հոկտեմբերի 20-ին։ Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 18-ին: Հաջորդ օրը տղան չէր զանգել, բայց, ասում է, մտքով էլ չէր անցնի, որ որդու հետ վատ բան կարող է պատահած լինել. եղել էին օրեր, երբ տղան չէր զանգել:
Հոգատար էր, հայրենասեր ու պատրաստ էր կյանքը զոհել հայրենիքին, այդ պատճառով էլ պատերազմն սկսվելուց առաջին րոպեներին ուզում էր կռիվ գնալ. այսպես է միշտ հիշելու Գոհարը որդուն:
Գոհարը հիմա փորձում է ցավն ամոքել դասավանդելով։ Երևանում այժմ ուսումնական կենտրոններից մեկում է աշխատում: Առաջիկա օրերին նաև պատրաստվում է անվճար դասեր սկսել պատերազմում զոհվածների երեխաների համար։
«Երեխաների հետ ես չեմ կարա ունքերս կիտած աշխատեմ ու որ գիտեմ՝ զոհված ազատամարտիկների երեխաների հետ պիտի աշխատեմ, ինձ ոգևորում ա»,- ասում է Գոհարը։