Այս «Ամենափրկիչ» -ը հիրավի, միջնադարյան արվեստի գլուխգործոց է. որ վանքում կարելի է տեսնել այն

Հաղպատավանքի հայտնի <<Ամենափրկիչ>> խաչքարը, հիրավի, Հայաստանի խաչքարային արվեստի գլուխգործոցներից մեկն է: Այն թվագրվում է 13-րդ դարով:

Խմբաքանդակի կենտրոնում Քրիստոսի պատկերն է: Խաչը ներքևի հատվածում հենված է պատվանդանի, որի վրա գրված է «սբ աստուած» և Գողգոթայի բլուրը պատկերող կիսաշրջանի վրա։ Վերջինիս տակ եռամաս կամար է, իսկ վերին ճակատի կամարի տակ տեսնում ենք Ադամի գլուխը:

Խաչի հորիզոնական թևերի տակ երևում են Մարիամը՝ աջից, Հովհաննեսը՝ ձախից։ Մարիամը ձախ ձեռքը դրել է կրծքին, իսկ աջն առաջ մեկնել, երեսը քիչ վեր է, աչքերը դեպի հեռուն սևեռած և ոչ դեպի Քրիստոսը։ Հովհաննեսը մի ձեռքը ծնկին, մյուսը կրծքին, կարծես մի փաթույթ է բռնած. մորուքը և բերանի մի հատվածը մի փոքր վնասված է։ Մարիամից ցած խաչի խաչի պատվանդանի մոտ տեսնում ենք Հովսեփ Արեմաթեցուն, գոտևորված պարեգոտով։ Մյուս կողմից ծնկի է եկել Նիկոդիմոսը, ձեռքում ունելիք, նա ցանկանում է հանել մեխերը։

խաչքարի երկու կողմերում վերից վար ֆիգուրներ կան, ձեռքերը բաց, աղոթողի դիրքով. Դրանք 12 առաքյալնեն են, կեցվածքի և դեմքերի տարբեր ձևերով ու արտահայտություններով։