ԲԱՑԱՌԻԿ գտածո Հայաստանում. հնագետները կին ռազմիկների հնագույն դամբարան են պեղել
Դեկտեմբերի 14-ին International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը բացառիկ հոդված է հրապարակել Հայաստանում գտնված հնավայրի մասին։ Այս հնավայրում եղել են 3 աճյուններ, որոնցից երկուսը կին ռազմիկներ են եղել: Հնագետները պեղումներ են իրականացրել Շիրակի մարզում գտնվող և ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների Ջրափիի գերեզմանոցում: Նրանց հաջողվել է գտնել դամբարան, որտեղ մարդկային մնացորդներից բացի եղել են զենքեր, ինչպես նաև կենցաղային տարբեր առարկաներ՝ կավե անոթներ և հուլունքներ:

Կա ենթադրություն, ըստ որի, հայտնաբերված մարմինները եղել են կին ռազմիկների մարմիններ, հաշվի է առնվել նաև մարմինների վրայի բազմաթիվ վնասվածքներն ու հետքերը, ինչից կարելի է ենթադրել, որ այս կանայք եղել են զինյալներ և մասնակցել են մի շարք մարտերի: Հավանաբար, այդ կանայք աղեղնավոր են եղել։ Գերեզմանում հայտնաբերված կմախքները պատկանել են 45-50 տարեկան կնոջ, 16-20 տարեկան աղջկա և ևս մեկ մարդու (հնարավոր է՝ տղամարդու), որը մահվան պահին 50-ից ավել տարեկան էր: Հնագետները նշել են, որ հայտնաբերված կմախքները վկայում են դրանց տերերի ֆիզիկական լավ պատրաստվածության մասին, ինչպես նաեւ ունեն ազդրային ոսկորների բնորոշ փոփոխություններ, որոնք հաճախ հանդիպում են հեծյալների մոտ: