Սա աղոթք է, ոչ թե նվագ․ ինչպե՞ս հայ լեգենդը հիացրեց Ստալինին
«Ինչու եմ սկսել դուդուկ նվագել, նույնիսկ չգիտեմ։ Իմ ընտանիքում երաժիշտներ չեն եղել։ Հայրս երգել է հին երգերը։ Նա շատ լավ ձայն է ունեցել։ Բայց այդքանը։ Իսկ երբ ես առաջին անգամ լսեցի դուդուկի ձայնը, ինձ շատ դուր եկավ գործիքի հնչողությունն ու գեղեցիկ հնչերանգը։ Եվ սկսեցի սովորել նվագել։ Դուդուկը մարդու հոգին է, նրա պատմությունը, նրա աղոթքը», – պատմում է Ջիվան Գասպարյանը։
«Իմ բոլոր դուդուկները պատրաստված են ծիրանենու փայտից, ուրիշ փայտից չի ստացվում, չի հնչում։ Մի քանի անգամ փորձել եմ պատրաստել այլ ծառից, տարբեր երկրներից փայտ եմ բերել, բայց չի ստացվել»։

Իր երկար կյանքի ընթացքում Ջիվան Գասպարյանը հասցրել է ելույթ ունենալ ամենատարբեր մարդկանց առաջ։ Նրա կյանքում շրջան է եղել, երբ նրան լսել է անգամ Իոսիֆ Ստալինը։ Դա եղել է Մեծ թատրոնում 1940–ականների վերջին, երբ Գասպարյանին հրավիրել են ելույթ ունենալ միութենական հանրապետությունների վարպետների ստուգատեսի ժամանակ։ Պատմում են, որ երբ հնչել է դուդուկը, Ստալինը նույնիսկ դադարել է ծխել ծխամորճը, ուշադիր լսել է երաժշտին, իսկ համերգից հետո Ջիվանի մոտ զինվորական կեցվածքով մարդիկ են եկել։
Գասպարյանը վախեցել է, մտածել է, որ երևի չի սպասել առաջնորդի ծափահարություններին, դրա համար են եկել։ Բայց պարզվել է, որ Ստալինին շատ է դուր եկել Գասպարյանի ելույթը, և նա որոշել է երաժշտին պարգևատրել «Պոբեդա» ժամացույցով։ Ջիվանն ուրախությամբ ընդունել է նվերը, բայց բառացիորեն հաջորդ օրը վաճառել է այն. քաղցած ժամանակներ են եղել։ Երաժիշտը մինչև հիմա ափսոսում է դրա համար։

Մի անգամ նա՝ իր համերգներից նեկի ժամանակ, ծանոթացել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հետ։ «Վիլյամ Սարոյանը լսեց, թե ինչպես եմ դուդուկ նվագում, ելույթից հետո մոտեցավ ինձ և ասաց. «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք»։ Եվ գրողի այդ արտահայտությունը գրված է իմ ձայնապնակի վրա, որը թողարկվել է Մոսկվայում 1982թ–ին», – հիշում է երաժիշտը։
Նա ավելացնում է, որ այդ ժամանակ նման հայտնի մարդկանց հետ հանդիպումները ֆանտաստիկ են թվացել, իսկ նրանցից ստացած գովասանքը ոսկու գին է ունեցել։ Այդ այսօր է, որ 75 տարվա մասնագիտական գործունեությունից հետո Ջիվան Գասպարյանը շրջել է ամբողջ աշխարհում, ավելի քան 20 հազար համերգ տվել, ստացել ավելի քան 30 պարգև, երաժշտություն գրել մոտ 40 ֆիլմերի համար։ Եվ վաղուց ընկերներ են դարձել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ ու կոմպոզիտորներ, ինչպիսիք են Սթինգը, Մայքլ Բրուքը, Բրայան Մեյը, Պիտեր Գաբրիելը, Լայոնել Ռիչին, Զուկերոն, շատ ուրիշներ, որոնց հետ նա համատեղ աշխատել է։