Միակ հայ երաժիշտը, ով համերգներ է տվել Ճապոնիայում․ ինչու՞ ոչ ոք չէր ծափահարում

75 տարվա մասնագիտական գործունեությունից հետո Ջիվան Գասպարյանը շրջել է ամբողջ աշխարհում, ավելի քան 20 հազար համերգ տվել, ստացել ավելի քան 30 պարգև, երաժշտություն գրել մոտ 40 ֆիլմերի համար։ Եվ վաղուց ընկերներ են դարձել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ ու կոմպոզիտորներ, ինչպիսիք են Սթինգը, Մայքլ Բրուքը, Բրայան Մեյը, Պիտեր Գաբրիելը, Լայոնել Ռիչին, Զուկերոն, շատ ուրիշներ, որոնց հետ նա համատեղ աշխատել է։

«Ինձ այդպես Հոլիվուդ են հրավիրել, ես դրա համար հատուկ ոչ մի բան չեմ արել, ուղղակի նվագել եմ։ Բայց պարզվեց, որ այնտեղ իմ անունը ինձանից լավ գիտեն։ Երբ զանգեցին, այդպես էլ ասացին. «Ջիվան քեռի, մենք քո մասին շատ բան գիտենք։ Նույնիսկ գիտենք, որ դու համերգից առաջ մի քիչ խմում ես տրամադրության համար և միայն դրանից հետո ես բեմ դուրս գալիս»։

Գասպարյանը և հիշում ամենավառ դրվագը, որ իր հետ պատահել է հյուրախաղերի ժամանակ։

«Ես Ճապոնիայում երկու համերգ եմ ունեցել։ Առաջին համերգը, որն անցկացվեց փակ դահլիճում, երկու մասից էր. սկզբում ելույթ ունեցավ Բրայան Ինոն, նա նվագեց, նրան բարձր ծափահարեցին, հետո ես բեմ դուրս եկա, նվագեցի, ու …. լռություն։ Մտածեցի` լավ, նոր եմ սկսել, բայց կես ժամ անցավ, ու էլի ոչ մի արձագանք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Սա ի՞նչ բան է։ Ես այդքան վա՞տ եմ նվագում։ Գործիքի հետ մի բան այնպես չէ՞։ Հիսուն րոպե նվագում եմ, ոչ մի շարժում։

Ավարտեցի։ Լռություն է։ Վեր կացա, գնացի, նորից ոչ մի բան։ Ոչ մի ծափահարություն։ Բայց հանկարծ կուլիսներից լսեցի, որ ծափահարում են։ Իսկ ես նույնիսկ չէի ուզում դուրս գալ` նեղացել էի։ Մեծ դժվարությամբ ստիպեցի ինձ վերադառնալ բեմ, պարզվեց, որ ճապոնացիները երաժշտություն լսելիս չեն ծափահարում, որպեսզի չխանգարեն։ Եվ երբ դուրս եկա, սկսվեց, տասը րոպե չէին ցանկանում բաց թողնել», – մինչև հիմա զարմանում է Գասպարյանը։