Երևանի Մանկական Երկաթուղու տարածքում 15-18-րդ դարերի մշակութային շերտ է հայտնաբերվել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Երևանի Մանկական Երկաթուղու տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում սույն թվականի աշնան վերջին հայտնաբերվել են կառույցների հետքեր, կենցաղային տարբեր պարագաներ, խեցեղենի բեկորներ, և այլ արժեքավոր իրեր: Այստեղ, ըստ էության, առկա է մշակութային շերտ, ինչի ուսումնասիրության համար էլ կազմվել է աշխատանքային խումբ:

Հայտնաբերված իրերը թվագրվում են 15-18-րդ դարերին: Դրանցից առավել արժեքավորներից են զանգակատիպ ծխամորճի կտորը, որի վրա արաբատառ դաջվածք կա, երկաթի սնդուկի կողպեք, մեծ քանակությամբ խեցեղեն: Հայտնաբերվել են նաև տարբեր ընտանի կենդանիների ոսկերներ, ինչպես և թունելանման մի կառույց, որը, հավանաբար, հին Երևանի՝ ուշ միջնադարի, կամ նոր շրջանի ջրատար համակարգի մաս է եղել:

Նշված գտածոները նոր լույս կսփսեն Երևան քաղաքի պատմության էջերի ուսումնասիրության գործի վրա: