Գիտեի՞ք, որ Երևանում բիայնական դամբարան կա․ ահա թե որտեղ է այն գտնվում

Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարին, այն հայտնաբերվել 1984 թվականի մարտին տարածքում գործող Երևանի «Ավտոագրեգատ» գործարանի շինարարական աշխատանքների ժամանակ։ Հայտնաբերված բիայնական դամբարանը պեղվել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից` Էրեբունու թանգարանի աշխատակիցների օգնությամբ։

Դամբարանը գտնվում է «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում։

Պեղումների արդյունքում արևմտյան պատի որմնախորշերում հայտնաբերվել են մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով։ Արևելյան որմնախորշում եղել է ցլի գլխի արձանիկներով մեծ կավանոթ և մի թաս, որի հատակին պահպանված էր նապաստակի պատկերով դրոշմ։ Դամբարանի հյուսիսարևելյան անկյունում գտնվել են մի քանի մեծ ու փոքր թասեր, սափոր ու ճրագ։

Ներկայումս դամբարանի պատերը կրում են ժամանակին այնտեղ գործած արդյունաբերական ձեռնարկության թափոնների հետքերը․ գործարանից դեպի դամբարան է արտահոսել նավթի, բենզինի և յուղի խառնուրդ: