Գիտե՞ք, թե ինչ է եղել Օպերայի ներկայիս շենքի տեղը
Գեթսեմանի մատուռը Հին Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն էր։ Նրա տեղում է կառուցվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Մատուռի շուրջը եղել է հին Երևանի գերեզմանոցը։ Մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ, 11 — 13-րդ դարերի կառուցված մի գմբեթավոր եկեղեցի։
1679 թվակյանի երկրաշարժից ավերվելուց հետո, այդ տեղում կառուցվում է մատուռը։ Այն իր հորինվածքով պատկանում էր միանավ թաղածածկ եկեղեցիների տիպին։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները վերաբերում են 17-րդ դարի վերջին, որը և համարվում է նրա կառուցման ժամանակը։ 1901 թվականին մատուռը նորոգվել է, կտուրը թիթեղապատվել՝ Երևանի քաղաքագլուխներ Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։

Մատուռը քանդվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ այն ժամանակ Ժողովրդական տան կառուցման նպատակով։ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր Մատուռը այլ տեղում վերակառուցել, որը սակայն չի իրականացել, քարերի կորստի պատճառով։
2007 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ Գեթսեմանի մատուռին։