Միամտության աշխարհի չեմպիոն հայը․ ինչպե՞ս նրան խաբեցին աֆրիկացիները
Եվ այսպես, ՀՀ քաղաքացի Իքս Իգրեկյանը մի օր կորպորատիվ էլեկտրոնային հասցեին նամակ է ստանում: Նամակն ուղարկողը ներկայանում է որպես աֆրիկյան մի երկրում գործող բանկի աշխատակից, որն, ըստ խարդախության լեգենդի, վարել է ենթադրյալ անժառանգ մահացած ինչ-որ անձնավորության բանկային հաշիվը: Նշում է, թե տեղեկություններ ունի, և այդ հաշվի վրա 10 միլիոն դոլար կա, որն իր երկրում կանխիկացնել չի լինի, դրա համար ընտրել է այլ երկրում, այս դեպքում՝ Հայաստանում կանխիկացնելու տարբերակը:

Առաջարկում է այդ 10 միլիոն դոլարը կիսել՝ 50/50, պայմանով, որ Հայաստանի քաղաքացին օգնի գումարը ձևակերպել որպես իր ստացած ժառանգություն, մի խոսքով՝ ծեծված սխեմայով:
Ու պատկերացրեք, որ մարդը հավատացել է: Փաստը մնում է փաստ, որ ՀՀ տվյալ քաղաքացին ոչ միայն արձագանքել է, այլև «ժառանգության» ձևակերպման համար տրամադրել իր անձնագրային տվյալները, ստորագրել ինչ-որ ֆիկտիվ պայմանագրեր, որոշ ժամանակ անց փոխանցել է 1100 դոլար, իսկ 2018-19թթ. ընթացքում, ամենատարբեր «ձևակերպումների» համար՝ գրեթե 40 հազար դոլարին համարժեք գումար:

6-րդ փուլում զոհը տեղեկանում է, որ՝ վե՛րջ, գումարը փոխանցվում է Հայաստան, բայց պետք է ԱՄՆ դեսպանատան երաշխավորությունը, որն ստանալու համար, իբր պետք է «կազմակերպության» ներկայացուցիչը գա Երևան, պետք է նրա հյուրանոցային ծախսերը հոգալ, բացի այդ՝ առձեռն գումար փոխանցել նրան, հետադարձ ավիատոմսն ապահովել ու՝ վերջ։
Եվ ահա, կազմակերպության «ներկայացուցիչը» գալիս է, տեղավորվում, ի դեպ, թանկարժեք հյուրանոցներից մեկում, առձեռն ստանում մի քանի հազար դոլարը: