ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ տեսախցիկը ֆիքսել է ՆՈՎԱ ՀՈՎԱԶԻՆ, որը հազվագյուտ կենդանատեսակ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2021 թվականի սեպտեմբեր ամսին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին, որին, արդեն մեկ տարի է, ինչ հետևում են տարածքի աշխատակիցները։ Հետևելով հովազին՝ ենթադրվում է, որ վերջինս մշտական բնակություն է հաստատել CWR-ում, ինչն էլ մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։
Խորհրդային տարիներին կովկասյան հովազը ենթարկվել է հետապնդումների և պահպանության ներքո է վերցվել միայն 1987 թվականին։ Այդ ժամանակաշրջանից հետո, անկախ որսի արգելքից, հովազի պոպուլյացիան շարունակվել է կրճատվել։ Բարեբախտաբար, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նշանակությունն ավելի է արժևորվել։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ շատ ցավալի էր հետևել, թե ինչպես են պատերազմի ընթացքում վերացվում կարևորագույն էկո-համակարգերը, սակայն բարեբախտաբար CWR տարածքները հաջողվել է պահպանել։
Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։
Հիշեցնենք, որ Նովա անունով հովազն առաջին անգամ նկարահանվել է CWR տարածքում դեռևս 2020թ․-ի աշնանը։