«ՀԱՅԱՍՏԱՆՆ այն երկիրն է, որից պետք է սկսել ճամփորդությունն ամբողջ աշխարհով մեկ». Հայտնի վլոգերը Հայաստանից հեռացել է՝ արցունքն աչքերին

Գուին Դալերա (Guin Dalera) անունով հայտնի վլոգերը Հայաստան գալուց հետո արշավում է՝ բացահայտելով մեր չքնաղ լեռները:

Վլոգերի յութուբյան ալիքը պատմում է Հայաստանի տեսարժան վայրերի, լեռների ու մշակույթի մասին: Նա շրջում է Հայաստանով ու իր ուղևորությունների մասին տեսանյութեր պատրաստում անգլախոս լսարանի համար:

Գուին Դալերա

Վլոգերի հետևորդների քանակը դեռ շատ չէ, սակայն նրանք աշխարհի տարբեր անկյուններից են: Այս միտքը ստիպում էր նրան գալ Հայաստան և ներկայացնել մեր երկիրը լրիվ այլ տեսանկյունից: Համավարակի ընթացքում, երբ նա ուներ բավականին ազատ ժամանակ, որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը:

Գուին Դալերան ասում է, որ ինքն իրեն է բացահայտել Հայաստանում և սկսել է վայելել Հայաստանում իրեն:

Գուին Դալերա

Վլոգերը դժվարանում է կարճ պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ մարդիկ այլ երկրներից պետք է գան Հայաստան, քանի որ կարող է ժամերով խոսել այդ մասին. «Մարդկանց իրոք դժվար է բացատրել, թե ինչու գան Հայաստան, որովհետև Հայաստանը զգացողությունների մասին է, Հայաստանում լինելը զգացողությունների փորձառություն է, և փորձել բացատրել մարդկանց այդ զգացողությունները՝ գալով Հայաստան, դժվար է, քանի որ դրանք անհատական են ամեն մեկի համար: Հայաստանը խոհանոցի մասին չէ, մարդկանց մասին չէ, լեռների մասին չէ, Հայաստանն ավելի խորն է: Միայն սրանք չեն, որոնց տեսնելու համար պետք է մարդիկ գան Հայաստան: Հայաստանում լինելն ավելի խորքային է, և անհրաժեշտ է ունենալ Հայաստանում լինելու փորձառություն»:

Գուին Դալերա

Գուին Դալերան նկատել է, որ հաճախ մարդիկ գալիս են Հայաստան, երբ այլևս աշխարհում տեղ չի մնում, որ նրանք լինեն, ու սովորաբար Հայաստանը նրանց 76-րդ, 89-րդ կամ 126-րդ երկիրն է, որ այցելում են. «Սրանք ռեալ թվեր են, որոնք ես իմ անձնական ստատիստիկայի համար հարցնում եմ հյուրերից: Սակայն երբ նրանք գալիս են Հայաստան, միշտ վերջում լինում է նմանատիպ մի արտահայտություն՝ «աշխարհը, հնագույն քաղաքակրթությունները, մշակույթը ճանաչելու համար Հայաստանն այն երկրներից է, որից պետք է սկսել ճամփորդությունն ամբողջ աշխարհով մեկ»»: