Ջիլո լեռան առասպելը. Ի՞նչ արեց հովիվը, որ այդքան զարմացրեց թագավորին

Կորդվաց լեռները գտնվում են Հայկական Տավրոսի լեռնահամակարգում` Վանա լճից հարավ: Ամենաբարձր գագաթը Ջիլո (Ջողա) լեռն է (4135 մ), որը Հայկական լեռնաշխարհի երրորդ գագաթն է ըստ բարձրության։ Հիշատակում են հին հունական աղբյուրները և Մովսես Խորենացին:

Կորդվաց լեռներ

Առասպելական Նոյի տապանը, իբր սկզբում, կանգ է առել Արարադ լեռան վրա՝ Թման գավառում։ Գրականության մեջ սխալ կերպով նույնացվել է Մեծ Մասիսի կամ Առնոսի հետ։ 

Արարադ կամ Ջուդի լեռանը նվիրված հինավուրց զրույցներից մեկը պատմում է, որ ժամանակին այդ տեղերում ապրելիս է եղել մի քաջ հովիվ: Օրերից մի օր այլևս չհանդուրժելով այդտեղ իր իշխանությունը տարածած ավազակախմբի կեղեքումներին` հովիվը կռվի է ելնում ելուզակների դեմ և բոլորին հաղթում: Թագավորն իմանալով խիզախ հովվի մասին` նրան գանձ ու հարստություն է առաջարկում, նույնիսկ իր աղջկան է փորձում կնության տալ:

Կորդվաց լեռներ

Հովիվը մերժում է այդ ամենը և թագավորից միայն խնդրում է եզան կաշվի չափ տարածք տրամադրել իրեն` ազատ ու անկախ ապրելու համար: Թագավորը համաձայնում է` այլևս չկասկածելով, որ իր առջև խելապակասի մեկն է կանգնած: Հովիվը վերցնելով եզան կաշին` կտրտում է, վերածում է բարակ քուղի կծիկի, և ապա կաշեքուղը փաթաթում Արարադ լեռան շուրջը: Թագավորը, երբ այդ մասին իմանում է, ապշում է հովվի հնարամտության վրա: Իսկ հովիվը լեռան վրա բերդ է կառուցում և ազատ ու անկախ ապրում մինչև մահ: 

Կորդվաց լեռներ

Ջիլո լեռ

Ջիլո լեռը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում, հանդիսանում է Կորդվաց լեռների բարձր գագաթը: Կազմված է մեզոզոյի թերթաքարերից, քվարցիտներից, մերգելներից: Լավ է արտայատված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը` չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտի: Գագաթին կան հնագույն սառցապատման հետքեր: 

Ջիլո (Ջողա) լեռ