Ինչու՞ Սարոյանը նույն կնոջ հետ ամուսնացավ 2 անգամ
Նա հայերեն չէր գրում, բայց հայ էր իր ամբողջ էությամբ, հայ էին աշխարհին հայտնի նրա ստեղծագործությունների հերոսները։ 1908թ․-ին, հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, լույս աշխարհ եկավ Վիլյամը։ Ընդամենը 4 տարեկան էր, որ զրկվեց հայր ունենալու երջանկությունից։

1915-ի Ցեղասպանությունից հետո Ֆրեզնոն այնքան հայաշատ էր դարձել, որ գրողի խոսքով «կիսով չափ հայկական» էր։ Աշխարհի այդ խառնարանում անգամ Սարոյանների ընտանիքը սրբորեն պահպանում էր ազգային ավանդույթներն ու սովորույթները, լեզուն։ «Իմ մեծ մայր Ամերիկայի մեջ էլ Բիթլիս կապրեր։ Ան առանձին աստված ուներ, կրոն չէր գիտեր, անոր աստված ուրիշ էր, ան ամենեն շատ մարդու խելքին ու գութին կհավատար և չէր վհատվիր, չէր հուսահատվիր»,-գրել է Սարոյանը։
Վիլյամ Սարոյանը սիրում էր այս աշխարհը, կյանքը, վայելքները։ Ընտանիքի հանդեպ նրա վերաբերմունքն էլ յուրահատուկ էր ինչպես ինքն ու իր ստեղծագործություններն են։ Ահա հատված մի հարցազրույցից։

-Երկու անգամ ամուսնացա։
-Առաջին կնոջից քանի՞ երեխա ունեք։
-Երկու։
-Իսկ երկրորդի՞ց։
-Երկու։
-Չո՞րս զավակ ունեք։
-Չէ, երկու։
-Ինչպե՞ս։

-Երկրորդ անգամ դարձյալ առաջին կնոջս հետ ամուսնացա։ Երբ երկրորդ անգամ ուզեցի ամուսնանալ, խորհեցա՝ առաջին կնոջմես աղեկ կին որտեղե՞ն պիտի գտնեմ ու նորեն անոր հետ ամուսնացա։ Ճշմարտության փնտրտուքներն ԱՄՆ-ում ապրող ու հայտնիություն ձեռք բերած գրողին անընդհատ մղում էին դեպի արմատները։