Սկևռայի մասանց պահարանը. կարևորագույն սրբություն մեզ՝ հայերիս համար

Հայ ժողովրդի ամենաարժեքավոր գանձերը հենց եկեղեցական գանձերն են և մագաղաթյա բազմահազար ձեռագրերը, որոնք մեզ հասել են դարերի խորքից: Լինելով առաջին քրիստոնյա ազգը՝ հայերը միշտ են յուրահատուկ կարևորություն տվել այն արժեքներին, որոնք ունեցել են կրոնական բնույթ՝ դրանք են՝ ավետարանները, տարբեր սրբերի մասունքներ, տարբեր համաքրիստոնական արժեք ունեցող իրերի մասունքներ: Այդ սրբություններից շատերը մեզ են հասել աշխարհի տարբեր ծայրերից, շատերն էլ միշտ գտնվել են Հայաստանում:

Կարևորագույն մի գանձ է Կիլիկյան Հայաստանում 1293 թ. պատրաստված Սկևռայի մասանց պահարանը, սակայն սա մի անգին գոհար է, որը պահվում է Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժում: Ամենայն հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ 2014 թ. պատրաստվել է այդ պահարանի կրկնօրինակը, որի մեջ պահպանվել են իրական պահարանից հանված և 2000 թ. հայոց եկեղեցուն հանձնված մի քանի սրբերի մասունքները: Սրբերը 18-ն են՝ Սբ. Պողոս, Պետրոս, Թադևոս, Բարդուղիմեոս առաքյալները, Գր. Լուսավորիչը, Հակոբ Մծբնեցի հայրապետը, Հովհան Ոսկեբերանը, Սբ. Կատարինեն, և այլն: