Ո՞րն է եղել Արցախի առաջին դպրոցն ու ո՞վ է այն կառուցել. սա պարտավոր ենք իմանալ
Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում է գտնվում Ամարաս վանքը։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ։
Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։

Վանքն ունի մի շարք պատմական առաձնահատկություններ: Դրանցից մեկն այն է, որ 5-րդ դ սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։
5-րդ դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոնն և եպիսկոպոսանիստը
Սակայն 821 թվականին վանքն ասպատակում են արաբները։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության՝ 1293 թվականին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը՝ որպես ավար տիրանալով Սբ. Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին։

Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թվականին՝ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։ 15-16-րդ դդ այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ 17-րդ դ 3-րդ քառորդին նորոգվում է Գանձասարի Պետրոս կաթողիկոսի կողմից։
Այն անցնում է թուրքերի, թաթարների, ռուսների ձեռքով. ավերվում է, դառնում զինատեղի ու մաքսատուն:
Խարխլված եկեղեցին վերականգվել է 1858 թվականին՝ շուշեցի հայերի օժանդակությամբ, 1898 թվականին շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից պատրաստվել է Գրիգորիսի նոր տապանաքար։