ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ. Դավալուի Սուրբ Հակոբի առեղծվածային եկեղցեցին. ինչպե՞ս այն կառուցվեց

Հայաստանի հրաշքները բազմազան են: Բազմիցս ենք Ձեզ պատմել առեղծվածային եկեղեցիների կառուցման պատմություններն ու լեգենդները: Այսօր կրկին ուզում ենք պատմել դրանցից մեկի կառուցման պատմությունը:

  • Սուրբ Հակոբ

Պատմությունն ասում է, որ Սուրբ Հակոբ Մծբնան չէր հավատում Նոյյան տապանի գոյությանը և որոշում է բարձրանալ Արարատ՝ համոզվելու համար, որ տապանն այնտեղ է, եւ մասունք բերելու դրանից։

Ճանապարհն այնքան դժվար էր, որ սուրբը տեղ չի հասնում, հենց ճանապարհին էլ քնում է։ Գիշերը Աստծո հրեշտակը տապանից մի կտոր որպես մասունք բերում եւ դնում է նրա գլխի տակ։

Հավատն արթնանում է, երբ նաեւ սուրբի քնած տեղում հրաշագործ մի աղբյուր է բխում։ Հենց դրա կողքին էլ վեր է խոյանում եւ մինչեւ այսօր էլ հավատացյալների ուխտատեղի մնում Դավալուի Սուրբ Հակոբ եկեղեցին։

Բնակիչները հավատում են աղբյուրի զորությանը: Այն գտնվում է Արարատ կամ Դովալու կոչվող գյուղում գյուղում:

Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են դավի և լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվի, դավի, վեճի վայր։ Ուսումնասիրություններն ապացուցում են, որ գյուղի բնակիչները պատվասեր և հյուրասեր են եղել, զենք գործածելու մեջ՝ հմուտ։

Յուրաքանչյուր ընտանիք զենք է ունեցել։ Դա է պատճառը, որ Դավալու գյուղը կանգուն է մնացել, թալանի չի ենթարկվել։ Ոմանք Դավալու անունը բացատրում են` ասելով, թե դավալեցիների սարսափն այնքան է տարածված եղել ավազակ ցեղերի վրա, որ գյուղ մտած ուղտը վախից լու է դարձել։