Ի՞նչ ավանդություններ կան Տրնդեզի հետ կապված. Տեսեք, թե ինչպես էին հնում նշում այդ տոնը
Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի՝ Քրիստոսի ծնունդից 40 օր հետո նշում է Տյառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնը համարվում է Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր բոլորի համար:
Հնում տրնդեզը կրակին նվիրված տոն է եղել: Ըստ հին հայկական պատկերացումների՝ տրնդեզի վառվող կրակի բոցերն ավելի էին ջերմացնում արևին և այդպիսով մեղմում էին ցուրտը և արագացնում գարնան գալուստը: Քանի որ հայերն իրենց համարում էին Արևի որդիներ, նրանք պաշտում էին նաև արևի երկրային տեսակը՝ կրակը: Տոնի ժամանակ կրակի վրայով թռչելով՝ մեր նախնիները հաղորդակցվել են բնության տարրերի հետ: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ:

Հեթանոսական շրջանում Տյառնընդառաջի ծխի ուղղությամբ մարդիկ կատարել են գուշակություններ: Ծխի միջոցով մարդիկ գուշակել են տարվա բերքառատությունը: Ծխի ուղղությամբ նաև փորձել են գուշակել՝ որտեղից է գալու հարսնացուն կամ փեսացուն:
Տրնդեզի կրակը վառել են հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջ, իսկ դրա որոշ մասը շաղ տալիս կրակի վրա: Այնուհետև, երբ կրակի բոցն արդեն թուլանում էր, սկսում էին թռչել կրակի վրայով: Եթե կրակի վրայից թռչելիս փեշը անզգուշությամբ վառվում էր, դա համարվում էր հաջողության նշան:

Մուսալեռան բնակիչների մեջ տարածված է եղել նաև մի սովորություն, որ տանտիկինը Տյառնընդառաջի ժամանակ բացում էր տան դուռն ու պատուհանը, դուրս էր քշում ձմեռը և ներս էր հրավիրում գարունը:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` քրիստոնյաներն Աստծո սիրո հուրն են խնդրում, և կրակը ծառայեցնում են Աստծուն»: