Ինչպե՞ս է նշվել Սուրբ Զատիկը հնում. Ի՞նչ կապ ունի Անահիտ Աստվածուհին այս տոնի հետ

Ամբողջ քրիստոնյա աշխարհում Զատիկը համարվում է Քրիստոսի հարության տոնը: Զատիկ անվանումն առաջացել է զատել բառից, որը նշանակում է զատվել և հեռանալ մեղքերից: Այն համարվում է եկեղեցական 5 տաղավար տոներից մեկը և այս օրն ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հարությունը, իրար հայտնելով ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և ի պատասխան ստանալով՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Սակայն հայոց աշխարհում զատկի տոնի արմատները շատ ավելի հին են: Զատիկը հնում համարվում էր գարնանացանի տոնը և նվիրված էր Անահիտ դիցուհուն, ով էլ հովանավորում էր մայր հողի բեղմնավորումը:

Ազգային տոներ

Զատիկն այստեղ կրկին ծագում է զատել բառից, քանի որ հենց Անահիտն էր, որ միմյանցից զատում էր բնության գույները: Ըստ ավանդության, երբ ջրհեղեղից հետո Արացիները բնակություն հաստատեցին Արարատյան դաշտում, նրանք նկատեցին, որ ծիլ ու ծաղկունքն ամբողջությամբ գորշությամբ է պատված: Եվ Արիների նահապետ Մանը զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհուն՝ խնդրելով նրան, որպեսզի վանի գորշությունն ու իրենց վերադարձնի բնության հազարավոր գույները: Սակայն Անահիտը պատասխանում է, որ բնության գույները կարող է վերադարձնել միայն Հազարան հավքը, որը դյութիչ ձայնով երգում է և գույնզգույն ձվեր ածում, որով և նորոգվում են բնության գույները: Բայց այժմ հավքը պահվում է ստորգետնյա թագավորությունում, և Մանը պետք է ազատի և վեադարձնի նրան:

Ազգային տոներ

Մանը վերադառնում է Արարատ Հազարան հավքի հետ: Նա հավքին դնում է գետնին, և հավքը սկսում է երգել՝ բազմաթիվ գույներ ճառագելով և գույնզգույն ձվեր ածելով: Այնուհետև Անահիտը, գալով Արարատ, հավաքում է գույնզգույն ձվերը և շաղ տալիս ողջ դաշտով մեկ: Իսկ այնուհետև պատվիրում է հավքին բույն դնել Արարատ լեռան վրա և մշտապես գույներ տարածել երկրի վրա:

Եվ այդ օրվանից Արիները սկսում են ուրախ վարել և ցանել հողը, իսկ մանուկները, ջահել հարսներն ու աղջիկները մինչև ուշ երեկո երգում, պարում ու ձվախաղ են խաղում:

Ի տարբերություն քրիստոնյաների, ովքեր զատկի ձվերը ներկում են մուգ կարմիր գույնով (Քրիստոսի թափած արյան գույնը), Արիացիները զատիկի ձվերը ներկում էին բոլոր հնարավոր գույներով: Նրանց համար զատկի տոնի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ էր: