Խնձոր չուտելուց մինչև վարդ նվիրել. Ինչպե՞ս էին տարբեր ժամանակներում նշում Վարդավառի տոնը

Վարդավառը քրիստոնյա աշխարհում տարածված է, որպես Քրիստոսի պայծառակերպության օր, որը նշվում է Քրիստոսի հարությունից հետո 98-րդ օրը: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն:

Հեթանոսական շրջանում Վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին: Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին, ինչպես նաև ամպրոպի աստված Վահագնի սիրեցյալը:

Ազգային տոներ / Աստղիկ աստվածուհի

Ըստ ավանդազրույցի՝ Աստղիկը ծնվել է ծովի փրփուրներից և որտեղ որ քայլում էր, նրա ոտքերից կաթկթացող արյան հետքերի տեղում վարդեր էին բուսնում: Ատղիկ աստվածուհին նաև երկնքից վարդեր շաղ տալով հայ աղջիկներին օժտում էր աստվածային գեղեցկությամբ: Վարդավառը հայոց աշխարհում ամենասիրելի տոներից մեկն էր և տոնվում էր մեծ շուքով: Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր էին ցանում և իրար սեր ու գեղեցկություն տալիս: Տոնի ընթացքում նրանք փառաբանում էին Աստղիկին և միմյանց նվիրում տոնի խորհրդանիշը՝ վարդը:

Ըստ արիական ավանդույթներից մեկի՝ ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են սերն ու գեղեցկությունը, և նրանց հոգիներում բույն է դնում ատելությունը: Բոլորը դառնում են տգեղ ու անգութ։ Բայց Վահագնը, հաղթելով հրեշին, ազատում է Աստղիկին և, շրջելով Հայոց աշխարհով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։

ազգային տոներ

Հնում մարդիկ Վարդավառը նշել են հիմնականում գետերի աղբյուրների կամ լճերի ափին՝ այնտեղ, որտեղ ջուրն առատ է եղել: Վարդավառը նաև համարվել էր ջրի տարերքի պաշտամունքի տոն: Հայերի մեջ տարածված են ջրի և անձրևաբերության հետ կապված բազմաթիվ ծեսեր: Ջուրն ասոցացվել է նաև կապույտ գույնի հետ, որը և՛ պարզություն, և՛ մաքրություն է խորհրդանշում: Համաձայն շումերական աղբյուրների, հայերը Հայա տիեզերական ջրերի և իմաստության աստծո որդիներն են, և ըստ «Սասնա ծռեր» էպոսի՝ հայերը պաշտել են ջուրը և իրենց համարել ջրից ստեղծված (Սանասար և Բաղդասար):

Վարդավառը համարվում է նաև խնձորի տոնը: Ընդունված սովորություն կար, որ մինչև Վարդավառ խնձոր չէին ուտում: Եվ Վարդավառին՝ խնձորի բերքի օրհնությունից հետո, նոր կարելի էր բերքը հավաքել և օգտագործել: