Ժորժ Գարվարենց․ հայազգի ֆրանսիացի կոմպոզիտոր և Շառլ Ազնավուրի մտերիմ ընկերը

1932 թվականի ապրիլի 1-ին Աթենքում հայ գաղթականների ընտանիքում ծնվել է հայազգի ֆրանսիացի կոմպոզիտոր, Ժորժ Գարվարենցը։

1981 թվականին «Թեհրան-43» ֆիլմում հնչեց «Une vie d’amour» երգը։ Այն կատարել է Շառլ Ազնավուրը։ Նա նաև երգի խոսքերի հեղինակն էր, իսկ դրա երաժշտությունը գրել է Ժորժ Գարվարենցը։

Երգը ձայնագրվել է երեք տարբերակով Autobiographie ալբոմի համար։ Առաջին օրիգինալ տարբերակը ֆրանսերեն էր և հնչում էր ֆիլմում։ Մեկ այլ տարբերակ կատարվում է ռուսերենով, իսկ երրորդ տարբերակը Ազնավուրը կատարել է Միրեյ Մաթյեի հետ դուետով։

Հայազգի ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Գարվարենցը Շառլ Ազնավուրի մտերիմ ընկերն էր և նրա հարյուրից ավելի երգերի երաժշտության հեղինակը։ 1989 թվականին նրանք գրել են «Քեզ համար, Հայաստան» երգը և ձայնագրել ֆրանսիացի հայտնի արտիստների հետ։ Երգը ստեղծվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Վաճառվել է այս սինգլի ավելի քան մեկ միլիոն ձայնագրություն: Շուտով թողարկվել է երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Անրի Վերնոյը։

Ժորժ Գարվարենցը հայտնի է նաև որպես ֆիլմերի կոմպոզիտոր։ Նա երաժշտություն է գրել ավելի քան 150 ֆիլմերի համար, այդ թվում՝ «Տաքսի դեպի Թոբրուկ», «Սատանան և տասը պատվիրանները», «Երկնային որոտ», «Դաջվածը» և «Ձի անունով մարդու հաղթանակները»։ Ջորջի հայրը հայ բանաստեղծ Գևորգ Գարվարենցն է, ում ուսուցիչը եղել է Կոմիտասը։ Գևորգ Գարվարենցը գրել է Հայոց զինվորական օրհներգի «Առա՛ջ, հիշատակ նահատակների» խոսքերը։

Ժորժ Գարվարենցի կինը Շառլ Ազնավուրի քույրն էր՝ Աիդան։ Նրա հուշավեպում կարող ենք կարդալ,- «Գևորգ Գարվարենցի աճյունը հանգչում է Վենետիկի Մխիթարյան գերեզմանատանը։ Իսկ հայտնի կոմպոզիտոր Ժորժ Գարվարենցը նրա որդին է և իմ ամուսինը։ Այսպիսով, Շառլը մեր ընտանիքի միակ ֆրանսիացին է, որովհետև ես ծնվել եմ Սալոնիկում և, հետևաբար, նաև «հայրենիք չունեմ»։

Ժորժ Գարվարենցի երգերը կատարողների թվում էր նրա կինը՝ Աիդան։ Ինչպես նաև Դալիլան, Միրեյ Մաթյոն, Ժիլբեր Բեկոն, Ջոնի Հալիդեյը և Սիլվի Վարդանը։