Լիբանանի միակ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ, որ պատերազմի ժամանակ փրկել է լիբանանցիներին
Եթե Թուրքիայում միակ հայկական գյուղը Վաքըֆլին է, ապա Լիբանանում Այնճարն է: Այնճարը Վաքըֆլիի շարունակությունն է, երկու գյուղերում էլ մուսալեռցիներ են, ում մասին Ֆրանց Վերֆելը գրել է իր հայտնի դյուցազնավեպը`«Մուսալեռան 40 օրը»:

1915-ին, երբ Օսմանյան կայսրությունում Ցեղասպանություն էր կատարվում հայերի նկատմամբ, մոտ չորս ու կես հազար մուսալեռցիներ, մեկ ամսից ավելի հերոսական պայքար են մղում թուրքականզորքերի դեմ` տալով 18 զոհ, մինչեւ նրանց օգնության են գալիս ֆրանսիական նավերը եւ հասցնում անվտանգ ափեր` Պորտ Սայիդ, Եգիպտոս:
Այնճար է հասնում Մուսա լեռան վեց հայկական գյուղերի 1205 ընտանիք: Առաջին տարիները ուղղակի մղձավանջ էին հերոս մուսալեռցիների համար:

Մուսալեռցիները հայտնի են իրենց նուրբ հումորով, տոկուն բնավորությամբ, աշխատանքի նկատմամբ անսահման սիրով: Նրանք պահել են իրենց տոհմիկ սովորույթները, հայերեն, բայց գրական հայերենից խիստ տարբերվող բարբառը, դհոլ-զուռնան, Մուսա լեռան պարն ու հարիսան:
Նրանց մեջ էր նաեւ Հալեպում ծնված, մեկ տարեկան Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ապագայում պիտի դառնար Հայաստանի առաջին նախագահը:
Այնճարցիները հյուրասեր մարդիկ են: Քիչ է ասել՝ հյուրասեր: Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1975-1990 թթ., Այնճարը անվտանգ վայր էր, հեռու մարտական գործողություններից: Այդ տարիներին էր, որ Այնճարը տանիք դարձավ շուրջ 10 հազար լիբանանահայերի:

Հայ առաքելական եկեղեցու հարեւանությամբ կառուցվել է Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան: Բայց դա ոչ միայն 1915 թվականի հերոս մուսալեռցիների, այլ նրանց սերունդների եւ այսօրվա այնճարցիների տոկունության եւ հարատեւության հուշարձանն է: