Գեղեցկուհի Մալենան հաղթանակը նվիրեց ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. Հպարտանում ենք քեզանով, հայուհի՛
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք:
Հաղթանակած երգչուհուն և մեր պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում «Քամի-քամի» երգի հնչյունների ներքո ծաղիկներով ու նվերներով դիմավորել են Մալենայի հարազատները, երկրպագուներն ու նրա հաղթանակը կիսել ցանկացող բազմաթիվ մարդիկ՝ վանկարկելով «Հայաստան-Հայաստան»:

Լրագրողների հետ զրույցում Մալենան խոստովանել է, որ առաջ նման մեծ բեմում ելույթ չի ունեցել, ուստի սկզբում լարվել է, սակայն փորձերի ընթացքում հուզմունքն անցել է, իսկ համերգի օրը ելույթից մեծ բավականություն է ստացել: «Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, իմ հայերին. ես ձեզ շատ-շատ սիրում եմ»,-շեշտել է 14-ամյա Մալենան:
Երգչուհին շատ է ցանկանում մեծ արտիստ դառնալ, բարձր պահել Հայաստանի անունն ամեն երկրում և ճանաչված լինել: