«Տղայիս մոտ ուղեղի թթվածնային քաղց էր առաջացել». Պատերազմի մասնակից Ռուբեն Յայլոյանի կինը՝ առողջական խնդիրների մասին

Ռուբեն Յայլոյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է: Սեպտեմբերի 29-ից մեկնել է հայրենիքի սահմանները պաշտպանելու, սկզբում եղել է Վայոց ձորում, Խնձորուտի դիրքերն է պահել, այնուհետև տեղափոխել են Արցախ: Այնուհետև Արցախից իջել է Խնձորուտի դիրքեր:

44-օրյա պատերազմի մասնակցի կինը՝ Արփինե Սարիբեկյանը, 6 ամսական հղի էր, սպասում էր իր երկրորդ զավակին:

«Մեծ տղայովս հղի էի, երբ Ապրիլյան պատերազմը սկսվեց, իսկ պուճուրովս էլ էս պատերազմի ժամանակ էի հղի: Մեծ տղայիս անունը Դավիթ է, իսկ պուճուրիս անունը՝ Բեկ: Պատերազմի ընթացքում ես հոգեպես շատ վատ վիճակում էի, և փոքրիս վրա իմ վատ ապրումները մի փոքր հետևանք թողեց:

Երեք ամսական էր փոքրս, և երեխուս մոտ ուղեղի թթվածնային քաղց էր առաջացել… բժիշկները ասացին, որ այդ ամենը պատերազմի ժամանակ իմ տարած սթրեսի արդյունքն է, բայց, փառք Աստծո, հիմա ամեն ինչ նորմալ է»,-պատմում է Արցախյան պատերազմի մասնակից Ռուբեն Յայլոյանի կինը՝ Արփինե Սարիբեկյանը:

«Ամուսինս էլ դեռևս չի հաղթահարել հետպատերազմական շոկը… փակ մարդ է դարձել: Առաջ ավելի ակտիվ ու շփվող էր, իսկ հիմա ուզում է միշտ մենակ մնա: Մահացած ընկեր ունի, էդ տղայի վիդեոներն է նայում, ու ես զգում եմ, որ ինքը էդ պահին ուղեղով ուրիշ տեղ է գնում:

Ամուսինս մարտական ընկերներ է կորցրել, դասարանի տղային է կորցրել և էնքան ծանր է տանում այդ ամենը: Շատ չի խոսում պատերազմում տեսածի ու լսածի մասին: Երբ մի բան ես հարցնում, սկսում է նյարդայնանալ, և դրա համար աշխատում եմ էդ մասին չխոսել իր հետ»,- շարունակում է Արփինե Սարիբեկյանը:

Արփինե Սարիբեկյանն ասում է՝ պատերազմը ոչ միայն մարդկանց նպատակներն է փոխել, այլ թողել է իր անջնջելի հետքը:

«Պատերազմից առաջ մենք երջանիկ էինք, ապրում էինք… հիմա ամուսինս որ լարված է, մենք էլ ենք լարված: Պատերազմում թողած հետքը հարազատների կորուստն է, իսկ մնացած հարցերը, հոգսերը ամեն ինչին էլ կդիմանաս ու կհաղթահարես: Մեր երեխեքը պիտի չտեսնեն այն, ինչ մենք տեսանք, հանուն մեր երեխեքի՝ պետք է առաջ նայենք»,- ընդգծում է Արփինե Սարիբեկյանը:

Արփինեն ասում է, որ ամուսինը ողջ-առողջ է վերադարձել, բայց վերադարձել է բազմաթիվ առողջական խնդիրներով, չեն հուսահատվում, ամեն ինչ փորձում են հաղթահարել իրենց միջոցներով և սեփական ուժերով: