Սուրբ Մամասա վանք․ Վայոց ձորի հրաշալիքներից մեկը

Մամասա վանքը գտնվում է Վայոց ձորի Սալլի գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք, լեռնաշղթայի ստորոտում։ Վանքն իրենից ներկայացնում է երկու փոքր եկեղեցիներ և մատուռ, որոնք միմյանց են միանում մեկ սրահով և գերեզմանոց։

Հյուսիսային կողմի եկեղեցին հատակագծում քառանկյունի է, դուռը՝ հարավային կողմից է , որը բացվում է սրահի մեջ։ Կառուցման ժամանակը ստույգ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է 10-րդ դարում։

Մամասա վանքի երկրորդ եկեղեցին գտնվում է խմբի հարավային կողմում և կոչվում է «Սբ. Պողոս», որը կառուցվել է սելջուկների արշավանքներից հետո՝ 13-14-րդ դարերում։

Մատուռը գտնվում է երկու եկեղեցիների արանքում, ըստ որի նրանց պատերը ծառայել են որպես մատուռի կողային պատեր։

Գերեզմանոցը տարածվում է վանքին կից, ուր կան նաև խաչքարեր։ Տապանաքարերի համար օգտագործված են նաև հին շենքի սրբատաշ և արձանագիր քարեր ու քանդակազարդ խաչքարեր։ Գերեզմանոցը թվագրվում է 10-14-րդ դարերին։

Ներկա պահին այն գտնվում է ավերված և անմխիթար վիճակում։