Անիի պահապանը, ով միայն 20 տարի անց իմացավ իր հայ լինելու մասին

Անի մայրաքաղաքի կողքին քրդական բնակավայր կա։ Քաղաքի յուրատեսակ պահապան է դարձել Կարսում ապրող մի հայ՝ Միրան անունով։ Միրանը ահուսարսափ է դարձել գյուղի բնակիչների համար։

Միջահասակ, շագանակագույն աչքերով, մոտ 40-45 տարեկան համեստ տղամարդուն տեսնելիս երբեք չես կարծի, թե կարող է ահուսարսափ տարածել։ Աշխատում է կոշիկի խանութում՝ որպես բեռնակիր։

Միրանը 20 տարեկանում է իմացել ազգային արմատների մասին, երբ փողոցում վեճի ժամանակ իրեն անվանել են «հայի զավակ»։ Չի հասկացել ասվածի իմաստը։ Հայրը բացատրել է, որ իր ծնողները հայ են եղել։ Միրանի պապը կռվել է Կարսի բերդի պաշտպանության ժամանակ, բայց երբ սկսվել է համատարած դասալքությունը, բերդն էլ առանց կռվի հանձնվել է թուրքերին, նա իրեն ու ընտանիքը փրկելու համար մահմեդականություն է ընդունել։ Այդ օրերին Կարսում թուրքական զորքը կոտորել է ավելի քան 12.000 հայի։

 «Գյուղի բնակիչները Անիի եկեղեցիների ու բերդապարիսպների վրայից շատ են քարեր հանել ու կառուցել իրենց տները։ Մենք տեսնում էինք, որ ժամանակի ընթացքում տարածված սովորություն էր դառնում Անիից քար տանելն ու Կարսում և հարակից բնակավայրերում գեղեցիկ շինություն կառուցելը։ Բացի այդ, եղավ մի ժամանակաշրջան, երբ Անին վերածվեց արգելված սովորույթների՝ թմրամոլության, անբարո վարքի համար հարմար վայրի, բայց մենք (նկատի ունի Կարսի և Արդահանի հայերին.) դաժանաբար պատժում էինք այդ հանցագործներին, որպեսզի մյուսները ևս վախենան։ Մենք հաջողեցինք»,-ճանապարհին պատմում է Միրանը։

Այսօր թուրքերն ու քրդերը պատմական Անին հաճախ կոչում են նաև «Անը», որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է հուշ, հիշողություն։ Կարսեցի հայը նշում է, որ իրենք կպահեն Անին այնքան, ինչքան իրենց հայ կհամարեն։ Երբ Կարսում, Արդահանում ու հարակից մյուս բնակավայրերում հայեր այլևս չլինեն, Անին իրականում հուշ կդառնա։