Այս ՀԱՅԸ համարվում է Կարակումի և Աստրախանի գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերողը. ճանաչենք հայ բարեգործին

Խոսքը հայ երկրաբան, բարեգործ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Գրիգոր Գաբրիելյանցի մասին է, ով ծնվել է 1934 թվականի մարտի 2-ին կամ 12-ին Բաքվում:

Սովորել է Ադրբեջանի գազի և նավթի ինստիտուտում: 1965-1989 թվականներին եղել է Համամիութենական 70 նավթային երկրաբանահետախուզական գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչի, «Սոյուզգեոֆիզիկա» և «Նեֆտեգեոֆիզիկա» միավորումների գլխավոր տնօրենի տեղակալը, 1987-1989 թվականներին` ԽՍՀՄ համամիութենական նավթային երկրաբանահետախուզական ինստիտուտի տնօրենը, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ երկրաբանության նախարար, 1992 թվականից գլխավորում է «Գեոսերվիս» միջազգային գիտատեխնիկական-խորհրդատվական ընկերությունը։ 2010 թվականից՝ ԱՀ Նախագահի խորհրդական:

Գաբրիելյանցը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ Մոսկվայի տարբեր առաջատար բուհերում, ապա լայնածավալ գիտական հետազոտություններով և գիտակազմակերպչական աշխատանքով։

Գաբրիելյանցի սեփական միջոցների հաշվին Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում տեղակայված է  հուշահամալիր՝ նվիրված Բաքվի հայկական լքված գերեզմաններին:

Նրա անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ Մոսկվայում հրատարակվում է «Առագաստ» հայանպաստ ժողովածուն, Պյատիգորսկում կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին և այլն։

Գաբրիելյանցի գործունեության զգալի մի հատված նվիրված է լայնածավալ խորհրդատվական գործունեությանը, կապված տասնյակից ավելի երկրներում՝ Հնդկաստանում, Կուբայում, Մոնղոլիայում, Մոզամբիկում, Լեհաստանում, Եթովպիայում և այլուր, իրականացվող նավթի և գազի որոնողական և հետախուզական աշխատանքների կազմակերպման խնդիրներին։ Նա համարվում է Կարակումի և Աստրախանի գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերող։

Հեղինակ է շուրջ 160 գիտական հոդվածների, 8 մենագրությունների ու 2 դասագրքերի, նվիրված նավթի և գազի երկրաբանության գիտական հիմունքների մշակման, պաշարների որոնման և հետախուզման հարցերին։

Գաբրիելյանցի ջանքերով Արցախում ստեղծվել է պատկերասրահ, որտեղ ցուցադրված են հայ, ռուս և եվրոպացի մեծանուն վարպետների նշանավոր գործեր, երկրաբանական թանգարան, որի հիմքում դրված է տարբեր միներալների և ապարների նրա անձնական հարուստ հավաքածուն:

Հայ բարերարը այժմ 87 տարեկան է: