Երբ առավոտյան դուրս եկա բակ, որպեսզի նկարեմ կովերին, հսկա շունը դեպի ինձ վազեց: Ես ուղղակի փակեցի աչքերս․ ռուս ճանապարհորդի երևանյան արկածները
Լրագրող Ալեքսանդր Պոտոցկին Մոսկվայից Հնդկաստան է ճանապարհորդում ցամաքով: Կանգառներից մեկը Երևանն էր, որտեղ նրան ամեն առավոտ «էկզոտիկ» սպաս էին առաջարկում:
Ալեքսանդրը եղել է Ասիայում, Նոր Գվինեայում, Լատինական Ամերիկայում, ճաշակել տարբեր ազգային խոհանոցների խորտիկները, բայց ամենից շատ նրան զարմացրել է սպասը:
«Ես սովոր եմ խոհարարական տարբեր փորձերի, բայց կաթից պատրաստած ապուր չէի փորձել և մտածում էի, որ դա ինձ հաստատ դուր չի գա»,- պատմեց նա: Նախաճաշի ժամանակ Սյուզաննա անունով խոհարարն այդ օգտակար ապուրն առաջարկել է Պոտոցկուն, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ չի կարող կաթի հիմքով ապուրը համեղ լինել: Հետո ճանապարհորդի ընկերներն ու ծանոթներն են համոզել, որ սպաս համտեսի:

Նա իր համար երթուղի է գծել՝ Հյուսիսային Կովկաս, Վրաստան, իսկ հետո երկընտրանքի առաջ է կանգնել՝ Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան: Ու ընտրել է Հայաստանը: Հետո մեկնելու է Իրան, Աֆղանստան, Պակիստան, որից հետո կհատի սահմանն ու կմտնի Հնդկաստան:
Ալեքսանդրը պատմեց, որ Երևանից հետո ընկերոջ հետո մեկնել են Շիրակի մարզ: Ֆերման գտնվում էր հյուսիսային ու ցուրտ Գյումրու մոտ:
«Ծանոթներիս ու ընկերներիս ասացի, որ ինձ պետք է մեկը, ով զբաղվում է գամփռների բազմացմամբ: Միանգամից տարան Արմեն անունով մեկի մոտ, ով ավելի քան 20 տարի է՝ շներ է պահում ու շատ գամփռներ ունի: Հանդիպեցինք, բացատրեցի, որ ցանկանում եմ գեղեցիկ սյուժե պատրաստել հայկական շների մասին»,- պատմեց Ալեքսանդրը:

Ալեքսանդրին զարմացրել է հայկական շների բարությունը, թեև մի քիչ էլ վախենում է նրանցից: Չնայած ահարկու տեսքին՝ գամփռները բարյացակամ են եղել ռուս զբոսաշրջիկի նկատմամբ:
«Ահռելի շունը պատահաբար հայտնվեց: Երբ առավոտյան դուրս եկա բակ, որպեսզի նկարեմ կովերին, հսկա շունը դեպի ինձ վազեց: Ես ուղղակի փակեցի աչքերս, որովհետև այդ հսկան, փսլինքները թափելով, իմ կողմ էր վազում: Բայց հետո ողջ օրն անցկացրի ձագերի հետ, որոնք բոլորովին էլ ագրեսիվ չէին»,- խոսոտովանել է ճանապարհորդը: