Հողի հաստ շերտի տակ հայտնաբերված գաղտնիքը․ նոր բացահայտումներ Հայաստանում

Լուսաշող համայնքում մոտ 1 ամիս առաջ սկսված պեղումների արդյունքում հողի հաստ շերտի տակ վանական մի ամբողջ համալիր է հայտնաբերվել:

Գտան շատ ավելին, քան սպասում էին․ Լուսաշող համայնքում պեղումներ իրականացնող արշավախմբի անդամները մեկ նախադասությամբ այսպես են բնորոշում հնագիտական այն անակնկալը, որը բացվեց հեռացված հողաշերտի տակից։ 17-19-րդ դարերով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու կանգուն զանգակատան հարևանությամբ հույս ունեին գտնել ավերված եկեղեցու հիմքերը, բայց գտան ոչ միայն բավականին մեծ չափերի եկեղեցու մոնումենտալ կառույց, այլև մի ամբողջ վանական համալիրի հետքեր ու վկայություններ։

Քանի որ Լուսաշողի զանգակատունը, հետևապես նաև ինչ-որ ժամանակ կանգուն եղած եկեղեցին գտնվում են Օրբելյանների ժամանակաշրջանում հիմնադրված, ծաղկում ապրած Սպիտակավոր եկեղեցու և Սուրբ Կարապետ վանական համալիրի միջև, արշավախմբի անդամները ենթադրում էին, որ այստեղ էլ կարող է Օրբելյանների հիմնադրած կառույց լինել։

Հնագետների հողային շերտերը հերթով հեռացնելուց հետո «անակնկալների շքերթ սկսվեց։ Առաջին հերթին մեծ եկեղեցի բացվեց՝ 10X16 չափերով։ Եկեղեցու պատերի հաստությունն ավելի քան մեկ մետր է։ Դեռևս ոչ ամբողջությամբ բացված հիմքի բարձրությունը տեղ-տեղ հասնում է 70 սմ-ի։

Պեղված նյութերն արդեն գտնվում են լաբորատորիայում, առաջիկա հետազոտությունները նոր բացահայտումներ կանեն։ Դաշտային պեղումները կշարունակվեն արդեն հաջորդ տարի։