Հայկական այս վանքը ևս դարձել է գոմ․ որտե՞ղ է գտնվում Բագնայրի վանքը

Բագնայր հայկական վանքի ավերակները գտնվում են Անիից մի քանի մղոն արևմուտք՝ Ալա լեռան կողմերում, Քազլուջա անունով մի քրդական գյուղում։

11-րդ դարի պատմաբան Ստեփանոս Ասողիկը պատմում է, որ վանքը կառուցել է տվել Վահրամ Պահլավունին 989 թ.։ Մինչև 1040-ական թթ. վանքը եղել է նշանավոր կրոնական կենտրոն և մինչև 13-րդ դար շարունակել է մնալ Պահլավունիների ու վերջիններիս վասալների հովանու տակ։ Կառույցի արձանագրությունները նշում են, որ մատուռներից մեկը կառուցվել է 1145 թ., մյուսը՝ 1200-ին, մեկ ուրիշն էլ՝ 1223 կամ 1229 թ.։ Ամենանոր արձանագրությունները մնացել են 13–րդ դարի երկրորդ կեսից։ Վանքը ենթադրաբար լքվել է, երբ 13-րդ դարում անցել է տարածաշրջանի քոչվոր թյուրքական ցեղերի ձեռքը։

Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, ժամատնից և մատուռներից։ Ենթադրվում է, թե Ս. Աստվածածին հայտնի գլխավոր եկեղեցին հիմնվել է Վահրամի որդու՝ արքայազն Սմբատ Մագիստրոս Պահլավունու կողմից։ Ժամատունը, որն ուներ քառակուսի ձևով նախագիծ և եկեղեցուց ավելի մեծ էր, հավանաբար կառուցվել է 12-րդ դարի վերջին։ Մայր եկեղեցու հարավարևելյան կողմի հարևանությամբ եղել են երկու փոքր մատուռներ։ 1960-ական թթ. ավերված վիճակում էին, իսկ այսօր լրիվ ոչնչացված են։

Մայր համալիրի հյուսիսային հատվածում գտնվում է մի փոքրիկ վեցանկյուն մատուռ, որը փրկվել է վանքի մյուս հատվածներին հասած ավերածություններից։ Մատուռի ներսը բաղկացած է վեց անկյուններից, իսկ կոպիտ քարից կառուցված դրսի գավթի մուտքը գտնվում է արևմտյան մասում։

Բագնայր անվանումը նշանակում է բագինի քարայր։ Այս իմաստից կարելի է ենթադրել, թե հավանաբար այնտեղ գտնվել է ավելի հին զրադաշտական մի տաճար։