Չիկագոյից վերադառնում է Հայաստան և միանգամից կամավորագրվում. Կարդացե՛ք ՀԵՐՈՍ Կարեն Պողոսյանի պատմությունը
Հայրենիքից հեռու, բայց հոգով ու մտքով՝ միշտ հայրենիքի հետ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում երկար տարիներ բնակվող Կարեն Պողոսյանը Արցախյան 44-օրյա պատերազմի լուրը լսելուն պես տեղափոխվեց:
«Տեղափոխվեց Չիկագոյից Լոս Անջելես, քանի որ այնտեղից չվերթներ կային: Մեզ տեղեկացրեց, որ գալու է հոկտեմբերի 12-ին»:
Սակայն մինչև կգար այդ օրը հայրենասեր հայորդին հանգիստ սպասել չէր կարող. անդադար միասնության կոչերով ու բողոքի ակցիաներով հանդես եկող աշխարհասփյուռ հայության շարքերում էր:
«Ամեն ինչի հիմքում, իհարկե, հայրենիքի գաղափարն ու հայրենասիրությունն էր: Անգամ երկար ժամանակ գտնվելով ՍՄՆ-ում՝ հայրենիքի սերը, հայրենիքի կարոտը երբեք նրա միջից չի վերացել»:
Հոկտեմբերի 11-ին Կարենն արդեն Հայաստանում էր: Որևէ մեկին չտեղեկացնելով՝ Կարենն անմիջապես օդանավակայանից զինկոմիսարիատ էր գնացել:
Կարենի հոր համար այդ քայլը իհարկե անակնկալ էր, սակայն որդուց սպասելի և հպարտության արժանի անակնկալ: Նրա խոսքով՝ ուրիշ կերպ լինել չէր կարող, ինքն էլ, իր ընտանիքն ու բոլոր ընկերներն էլ ամբողջ կյանքը նվիրել են հայրենիքին:

Կարենի հայրը պահեստազորի գնդապետ է, Արցախյան առաջին պատերազմի «Մահապարտների գումարտակի» մարտիկներից մեկը:
Կարենենց 11-հոգանոց սպայական զորքը դիրքավորվում է Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ անունը ստացած վայրում: Նրանք շատ լավ դիմակայում են հակառակորդի հարձակումներին, իսկ վերջիններս հասկանալով դա թևերից շրջանցում են խմբին:

Կարենը չի դադարում կռվել և օգնում է իր զինակից ընկերներին նահանջել, այդպես էլ հերոսաբար զոհվում է՝ մինչև վերջ չհանձնելով:
Կարեն Պողոսյանը քչախոս էր, նա մասնագիտությամբ իրավաբան էր: Երկու որդի ուներ, որոնցից կրտսերին Մոնթե էր անվանակոչել՝ ի պատիվ ազգային հերոսի: