«Որոշել եմ, եթե տղա ունենամ, ընկերոջս պատվին անունը Ռոբերտ եմ դնելու». ի՞նչ փոխվեց ՀԱՅ զինվորի կյանքում Ապրիլյանից հետո
Հերոս Վարդգես Ումրիկյանի կյանքում ամեն ինչ փոխվեց պատերազմից հետո: Մինչև բանակ զորակոչվելը ֆուտբոլիստի կարիերայի մասին երազող տղան պատերազմից հետո էլ առաջվանը չէ. այն տակնուվրա արեց հերոսի կյանքը, վերաիմաստավորեց արժեքներ, փոխեց նպատակնեեր և ապրելու նոր ուժ տվեց:
Վարդգեսը սպորտով զբաղվել է 10 տարեկանից, սովորել է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, այնուհետեւ սկսել է մարզվել «Փյունիկում»: Մադրիդի «Ռեալի» երկրպագու է, բայց մյուս թիմերին էլ չի անտեսում: Իրեն հետաքրքրում է հետաքրքիր և լավ պայքարը:
Սիրում է նաև Հենրիկ Մխիթարյանին և խոստովանում, որ հայ չլինելու դեպքում էլ անպայման կհետևեր նրան, քանի որ ֆուտբոլիստի ոճը նրան դուր է գալիս:
Վարդգեսը բանակ գնալուց մեկ շաբաթ առաջ է իմացել այդ մասին, քանի որ որպես մարզիկ պետք է ազատվեր ծառայությունից, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:
Բանակ զորակոչվել է 2014 թվականի հունիսի 17-ին և կարելի է ասել այդ օրվանից էլ դադարել է սպորտի մասին մտածել: Նրա համար առաջնային նպատակն է դառնում այդ 2 տարին անցկացնելը:
Ծառայել է Մարտակերտում, բայց պատերազմի մասին պատկերացում անգամ չի ունեցել:
Ես 118-րդ դիրքի ավագն էի, ապրիլի 1-ի գիշերը ժամը 1-ի սահմաններում հեռախոսազանգ ստացանք, որ մեր ու 116-րդ դիրքի վրա դիվերսիա է լինելու: Զգոնությունը պահելու համար նման զգուշացումներ սովորաբար անում էին: Բայց մի կես ժամ էլ չանցած զգացինք, որ ամեն ինչ շատ լուրջ է: Սկսեցին հրետանիով մեր ողջ տարածքը կրակի տակ պահել, կապն ամբողջությամբ շարքից դուրս եկավ: 7 հոգի էինք, անձնակազմին միանգամից թաքստոց մտցրի, հրետանու կրակի ժամանակ այդպես է: Ես ու եւս մեկ հոգի դրսում մնացինք, հաճախ է պատահում, որ կրակի հակառակ ուղղությամբ թշնամին դիվերսիա է անում, պետք էր զգոն լինել: Առավոտյան 5-ի կողմերը, երբ լույսը նոր էր սկսել բացվել, 116-րդ դիրքից ձայներ լսեցինք ու նկատեցինք դեպի մեզ վազող զինվորի: Էդգարն էր, պատմեց, որ իրենց դիրքը գրավել են, բոլորիս համար շոկային իրավիճակ էր: Կարծել էինք ուղղակի հրետանին է շատ կրակում, բայց լուրջ ոչինչ չկա:
Վարդգեսի խոսքով՝ նրան ամենաշատը Ռոբերտ Աբաջյանն էր հետաքրքրում, բայց Էդգարը ոչ մեկի չէր տեսել, նա առաջին խրամատում էր եղել Արմենակ Ուրֆանյանի ու Քյարամ Սլոյանի հետ:
Անգամ չի իմացել, որ տղաները զոհվել են, երբ այլեւս նրանց ձայները չեն լսվել, ենթադրել է, որ միայնակ է մնացել, խրամատով դուրս է եկել ու հասել մեզ մոտ:
Այդ պահին անորոշ վիճակ էր, բոլորը սպասում էին, թե ով իրենց պետք է առաջնորդի, ողջ պատասխանատվությունն ինձ վրա էր մնացել: Վարդգեսը որոշել է, որ պետք է շարժվենդեպի 116: Ճիշտ է դա զինվորական տեսանկյունից սխալ որոշում էր, բայց այդ պահին միակ ու ճիշտ տարբերակն էր:
Հերոսն ասում է՝
Եթե կարողանայի ամբողջ ապրիլը կհանեի ծառայության 2 տարիներից, այդ ամենը վերապրելու ու հիշելու կարիք էլ չէր լինի: Միայն լավ հիշողություններ ու պահեր կմնային:
Վարդգեսն արդեն որոշել է,եթե տղա ունենա, ընկերոջ պատվին անունը Ռոբերտ է դնելու: