Մի բաղադրատոմսի պատմություն. ինչպես ՀԱՅՈՒՀԻՆ ԹՈՒՐՔԻ հանապազօրյա հացն ապահովեց ջարդերի ժամանակ
Տատիս մայրը՝ Եպրաքսին, ծնվել և մեծացել էր Մարաշում՝ Կիլիկիայում: Նա երիտասարդ տարիքում հայտնի է եղել՝ որպես հիանալի խոհարարուհի, շնորհիվ ում իրենց տունը միշտ եղել է հարևանների, բարեկամների, ընկերների հավաքատեղի: Մարդիկ՝հայեր և թուրքեր, առիթ էին փնտրում, որպեսզի նախաճաշեին, ճաշեին, կամ ընթրեին Եպրաքսիի ամուսնու՝ Աբգարի տանը, համտեսեին նրա անմահական տոլման, մանթին և քաղցրավենիքը:
Եպրաքսիի ամենամոտ ընկերուհիներից էր Հալիմեն՝ ազգությամբ թուրք մի երիտասարդ կին, ում ամուսինն էլ համատեղ գործ ուներ Եպրաքսիի ամուսնու հետ: Հալիմեն խենթանում էր մեծ տատիս պատրաստած հարիսայի համար և միշտ խնդրում էր, որ վերջինս նրան տա դրա բաղադրատոմսը, սակայն Եպրաքսին միայն համեստորեն ժպտում էր:
Երբ 1914 թ. սկսվում էին հայերի զանգվածային ջարդերը, Եպրաքսին ստիպված լքեց հայրենի քաղաքը: Նրա ամուսինը՝ Աբգարը, արդեն 5 օր էր տուն չէր եկել: Աստված գիտեր միայն, թե ինչ էր պատահել նրան…

Եպրաքսին արցունքն աչքերին հավաքեց իրերն ու թևի տակ առավ իր զավակներին՝ երկու որդիներին և մեկ դստերը: Հալիմեն հասկանում էր, որ նրանք այլևս երբեք չեն հանդիպելու: Իսկ հեռանալուց առաջ Եպրաքսին Հալիմեին մի թղթի կտոր տվեց, որի վրա հայերենով ինչ-որ բան էր գրված: Նա ասաց, որ Հալիմեն երբեք չկորցնի այդ թուղթը: Հալիմեն հայերեն կարդալ չգիտեր, սակայն նա պահեց այդ թղթի կտորը: Որոշ ժամանակ անց, Հալիմեի ամուսնու ընկերներից մեկը՝ մի բանիմաց մարդ, կարողացավ կարդալ և հասկանալ այդ թղթի բովկանդակությունը: Դա բաղադրատոմս էր, հարիսայի բաղադրատոմսը՝ գրված ամենայն մանրամասնություններով:
Հալիմեն հետագայում բացեց իր փոքրիկ ճաշարանը, որտեղի հարիսայի նմանը չկար: Այդ հարիսան շարունակեցին պատրաստել Հալիմեի հարսը, դուստրը, թոռնուհիները և վաստակել իրենց ապրուստի գումարը սերնդե սերունդ: