Երբ խոսում են նկարները․ ո՞րն է նրանց կոչը
42-ամյա Գևորգ Մելտոնյանը նկարիչ է, որ ծնվել և ապրում է Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկում` Աշտարակում։ Ծննդավայրը նկարչի աշխատանքների գլխավոր թեման է դարձել երկու հիմնավորմամբ, նախ` Աշտարակում պատմական և նկարելու արժանի վայրերի պակաս չկա, երկրորդ՝ Աշտարակն իր հարազատ քաղաքն է։ Ասում է՝ մարդ պետք է սիրի և կապված լինի իր բնօրրանին և փորձի ծաղկել իր ծննդավայրում։

«Մարդ պետք է սիրի և կապված լինի իր բնօրրանին, ոչ թե դառնա թափառաշրջիկ՝ գազանի պես։ Իհարկե, ճանապարհորդելը, աշխարհ տեսնելը լավ է, բայց հարազատ վայրին կապված լինելը շատ կարևոր է», — ասում է Գևորգը։
Նկարչի աշտարակյան աշխատանքներում երկու պատկերներ հատկապես շատ են կրկնվում՝ Աշտարակի կամուրջը և Կարմրավոր եկեղեցին։ Երկուսն էլ թե՛ աշտարակցիների, թե՛ Հայաստանի այլ բնակավայրերից ու արտասահմանից եկած զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից են։
«Հո ամեն քաղաք չունի՞ նման հին կամուրջ ու եկեղեցիներ։ Կորոնավիրուսի համավարակից առաջ լինում էր, որ նկարում էի այդ տարածքներում, ու տուրիստները գալիս էին, տեղանքը նկարում, հետո իմ գործով հետաքրքրվում», — ասում է նկարիչը։

Որպես վարպետ՝ Մելտոնյանը կարող է գեղանկարներ ստանալ նաև լուսանկարներից, բայց երբեք այդպես չի վարվում, սիրում է նկարել բնական միջավայրում՝ տևի դա երկու ժամ, թե չորս։ Նկարիչն իր նկարներով չարտագաղթելու կոչ է անում բոլրին՝ իր սեփական օրինակով ապացուցելով, որ քո սիրելի գործով զբաղվելով դու կարող ես գումար աշխատել նաև Հայաստանում։