Ռաֆայել Կրպեյան. ճանաչենք Թաթուլ Կրպեյանից հետո նրա գործը շարունակող քաջ զինվորին
Արցախյան պատերազմում իր քաջությամբ Կրպեյանների արդեն 2-րդ սերունդն է աչքի ընկնում: Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանից հետո նրա գործը շարունակելու են եկել նրա եղբոր որդիները: Նրանցից մեկը քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական տանկ խոցած ու Հայաստանի Մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալի արժանացած Ռաֆայելն է:
Ռաֆայելի մոտ դեռ փոքրուց տպավորվել է այն, թե ինչպես է հորեղբայրը գնացել Գետաշեն իբրեւ դպրոցում պատմության ուսուցիչ աշխատելու, այնինչ իրականում պատերազմի հետ կապված մեծ ծրագրեր է ցանկացել իրագործել: Ռաֆայելի խոսքով՝ հենց հորեղբայրն էլ եղել է նրանց մեջ հայրենասիրության ներշնչման աղբյուրը: Նրա մտքով երբեք չի անցել, որ մի օր Թաթուլ Կրպեյանին փոխարինելու հերթն իրենն է լինելու: Միշտ ուզել եմ իմանալ, թե կռվի օրերին ինչի միջով է անցել ու հաղթահարել, ու մտքովս էլ չէր անցնի, որ ինձ էլ նույն բանն է սպասվում:

Ռաֆայել Կրպեյանը ծառայությունը սկսել է Արմավիրի ուսումնական զորամասում, որտեղ 6 ամիս է անցակցրել ու տանկիստի որակավորում ստացել: Այնուհետեւ ծառայությունը շարունակել է Արցախի Պաշտպանության բանակում՝ Մարտակերտում:
Մեծ սիրով է կատարել տանկիստի աշխատանքը, որը ամենակարեւորներից ու բարդերից է: Դրա համար պետք է գոնե 80 տոկոսով տեխնիկային տիրապետել է պետք ու միշտ զգոն լինել:
Տանկիստ Ռաֆայելը իր հաջողությունը կապում է իր մեխանիկ վարորդի՝ Գեւորգ Խաչատրյանի և նշանառու օպերատորի՝ Սամվել Սահակյանի հետ: Վերադառնալուց հետո Ռաֆայելը շատ է կարոտում իրենց միասնությունը:
Ռաֆայելը պատմում է, որ եղբայրը պատերազմի ժամանակ Ջաբրայիլում է եղել, այդ օրերին իրար հետ կապ հաստատել չի հաջողվել: Ծնողների միջոցով է եղբորից նորություն իմացել:
Պատմում է Ռաֆայելը՝
Տանը, պարզ է, բոլորը լարված էին, երկուսս էլ ակտիվ ռազմական գործողություններ էինք վարում: Մայրիկի հետ խոսել չէր լինում, հայրիկի հետ էլ մի քանի բառ էինք արագ փոխանակում:Տնեցիներից եմ իմացել, որ պատերազմի ամենաթեժ կետերից մեկում եմ: Մենք չգիտեինք, որ այդ պահին Թալիշն էր ամենակարեւորն ու այնտեղ էին որոշիչ կռիվներն ընթանում: