Ղևոնդ պապը երբեք չէր խոսում այդ մասին․ ի՞նչ էր կատարվել տարիներ առաջ
1910 թվականին ծնված Ղևոնդ Էլբակյանի համար որբանոցը փրկության օղակ էր, բայց նաև դրանք իր կյանքի այն տարիներն էին, որոնց մասին խոսել չէր սիրում:
Ղևոնդ Էլբակյանի դուստրը՝ Սուսաննան , անկեղծանում է՝ հայրը երբեք չէր պատմում որբանոցում անցկացրած տարիների մասին, միայն թե աչքերի տխրությունը մատնում էր նրան՝ պատմելով մաշված տրեխների, կորցրած քրոջ ու դառը մանկության մասին:
Էրզրումի Թերջան քաղաքից էին: Շատերի նման Ղևոնդի պապի հայրն էլ թուրքի ձեռքով զոհվում է Հերհերի ձորում: Որբացած Ղևոնդը`եղբոր ու քրոջ հետ հայտնվում է որբանոցում:

Որբանոցում շատ խիստ կարգ ու կանոն է գործել: «Հայրս շատ քիչ էր պատմում որբանոցի մասին, խուսափում էր խոսել, բայց ասում էր, որ լավ էր՝ տաք ճաշեր էին տալիս: Երեխաները շատ էին, տարածվել էր քոսը, դրա համար էլ շատերի մազերը խուզած էին: Սկզբում հայրս միշտ եղել է հորաքրոջս հետ՝ ձեռք ձեռքի բռնած, բայց օրերից մի օր հորաքրոջս տանում են ՝ ուր այդպես էլ մինչև կյանքի վերջ հայրս չի իմանում: Միայն միշտ ասում էր , որ քրոջ՝ Եպրաքսիայի ձեռքը միշտ զգում է իր ձեռքի մեջ ու չէր մոռանում ինչպես են վերջին անգամ հորաքրոջս իր մոտից լացով տարել»,–պատմում է Սուսաննան՝ Ղևոնդի թոռը:

Որբանոցում Ղևոնդը մնացել է 4 տարի: Քրոջն այդպես էլ չի գտնել, բայց մի քանի տարի անց գտել է եղբորը:
Հայաստանում գտնվող որբերի մեծ մասը 1915 թվականին Վասպուրականից և հարակից շրջաններից՝ Տարոնից, 1918 և 1920 թվականի թուրք արշավանքից ճողոպրածներն էին: Նրանց թիվը կազմում էր ավելի քան 50 հազար, որոնցից 35 հազարը պատսպարվում էր Ալեքասնդրապոլում: