Յուրաքանչյուր հայ իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է տեսնի այս գեղեցկությունը․ Սանահինի վանական համալիր
Սանահինի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում։
Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։

Սանահինի համալիրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ: Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրվել է IV դարում, երբ կանգնեցվել է Սուրբ Նշանը՝ խաչը: Համալիրի ամենահին եկեղեցին Սուրբ Աստվածածինն է, որը թվագրվում է 928-944թվականներին: Եկեղեցու ներսում որմնանկարներ են պահպանվել: Համալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց գավիթներով, ճեմարանը, Սուրբ Գրիգոր մատուռը, գրատունը, զանգակատունը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Սուրբ Հարություն մատուռը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները։
Վանքային համալիրի գլխավոր եկեղեցին Ամենափրկիչն է, այն 957-966 թվականներին կառուցել է Աշոտ Գ․ Ողորմածի կինը` Խոսրովանույշը:

Բացառիկ արժեք է ներկայացնում Սանահինի դպրոց-համալսարանը: Այն հիմնադրել է Աշոտ Գ․ Ողորմածի կինը` Խոսրովանույշ թագուհին 966 թվականին, և համալսարանը միջնադարյան Հայաստանի բացառիկ ուսումնական և գրչության կենտրոն էր հանդիսանում: Սանահինի համալիրում պահպանվել են նաև Սուրբ Կարապետ եկեղեցին (X-XI) և Սարգսի մատուռը (XII- XIIIդար):

Գրատունը հայկական գրատների մեջ հնագույնն է և իր հատակագծային չափերով ամենամեծը։ Գրատունը հռչակվել է ձեռագրական հարուստ ժողովածուով․ այստեղ ձեռագիր գրքերի հետ միասին պահվել են նաև վանքի թանկարժեք առարկաները։ Այդ է պատճառը, որ գրատան շենքը կոչվել է նաև Նշխարատուն։

Վանքի և շրջակա տարածքում շուրջ 50 խաչքար է պահպանվել։ Պահպանվել են նաև 10-19-րդ դարերը ընդգրկող շուրջ 190 վիմագրեր։