Թմկաբե՞րդ, թե՞ Թմբկաբերդ. ո՞րն է ճիշտ արտասանությունը, կարդացե՛ք, որ չսխալվեք

Թմբկաբե՞րդ, թե՞ Թմկաբերդ: Մեր օրերում տարածված է Թմբկաբերդ անվանումը, սակայն բառը իրականում Թմոք բերդի անվանումից է: Թումանյանի պոեմի անունը հենց այդպես է՝ «Թմկաբերդի առումը»:

Թմկաբերդը գտնվում է Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Վերին Ջավախք գավառում՝ Կուր գետի ձախ ափին։ Ներկայումս գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում։

Բերդը գտնվում է երեք բարձրադիր բլուրների վրա և ուներ մոտ 150 մ երկարություն և 30 մ լայնություն` շրջապատված պարիսպներով ու երեք բլրի վրա առանձին կառուցված աշտարակներով։ Պարիսպներն ու աշտարակները կառուցված էին սրբատաշ քարով ու կրով և ունեին մոտ 1,5 մ հաստություն:

Մատենագրական աղբյուրներում Թմոք բերդի առաջին հիշատակություններից մեկը վերաբերում է արաբական արշավանքների ժամանակ բերդի գրավմանը. «…զԹմօք և զԽուիլա…» :

Հայտնի է, որ բերդը խիստ տուժել է 1089, 1283 և 1319 թվականներին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից:

Թմբկաբերդ | Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ
Թմկաբերդի ամրոցը՝ կառուցված երեք բլուրների վրա | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ  Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Թմոք բերդը կառուցված էր հայ միջնադարյան բերդաշինությանը հարազատ ու լայն տարածում գտած կառուցողական սկզբունքներով և ռազմավարական հնարքներով: Ժայռապատ լեռնագագաթի խոցելի հատվածները ամրացված էին կիսաբոլորակ աշտարակներով հզորացված պարսպապատերով: Բերդի ներսում պահպանվում են սրբատաշ քարից կառուցված իշխանական ապարանքի մնացորդներ, պարսպապատերին կից օժանդակ շինություններ և ժայռակերտ աստիճաններով մինչև Կուր գետի ափը ձգվող գետնուղին:

Առաջիններից մեկը, որ տվել է Թմկաբերդի նկարագրությունը, ազգագրագետ Ե. Լալայանն է. «Պարիսպը, որի լայնությունը 1,5 արշին է, կրով և տեղ տեղ սրբատաշ քարերով շինված, բոլորում է այս երեք լեռների շուրջը, յուրաքանչյուրի վրա մի մի աշտարակ բարձրացնելով ու ձգվում գնում կողքի լեռները, ուր միանում է յուրաքանչյուրի վրա շինված մի մի աշտարակի: Բուն ամրոցի հանդեպ, արևելյան կողմը բարձրանում է այս երեք լեռներին կպած մի տափարակ բլուր, որ նույնպես պարսպապատ է: Ամբողջ բերդն ունի երեք դուռ՝ հարավից, հյուսիսից և արևելքից, որ տանում է դեպի բլուրը…: Հարավային դռան մոտ մի ստորերկրյա անցք ժայռի միջով իջնում է մինչև Կուրը, ջուր բերելու համար»: