«Ես Կիևյանցի Հրանտոն եմ, ես փախնող տղա չեմ». ՀԵՐՈՍ ՀՐԱՆՏԸ չենթարկվեց նահանջ հրամանին, որ միչև վերջ մնա դիրքում. կարդա՛ նրա անկատար երազանքները

«Կիևյանցի Հրանտոն եմ ես»,- սիրում էր կրկնել զոհված 20-ամյա Հրանտ Եղիազարյանը, ով Եղիազարյանների ընտանիքի միակ զավակն էր: Հրանտոն, ինչպես ընկերներն էին սիրում նրան դիմել, սիրում էր ժպտալ ու ժպիտ պարգևել, ապրել ու ապրեցնել իր շրջապատում գտնվող մարդկանց։

Հրանտը մեծերի ու նրանց ասած խոսքի հանդեպ հատուկ հարգանք էր տածում։ Ուշադիր էր հատկապես տատիկի նկատմամբ։

Դասերի ժամանակ հաճախ էր չարաճճիություններ անում, եւ ուսուցիչները երբեմն ստիպված էին լինում «սպառնալ» ծնող կանչելով։

Ուսուցիչներից մեկը պիտի բողոքեր Հրանտից ժողովին, Հրանտը ժողովից առաջ գնացել ու ուսուցչին ասել էր՝ տատիկս է գալու, սրտի հետ խնդիր ունի, շատ բան չասեք, որ չվատանա։ Ժողովին ուսուցիչը մոտեցել էր Հրանտի մայրիկին ու ասել էր՝ Դուք երեւի Հրանտի տատիկն եք, չէ՞, մայրիկն ասել էր՝ չէ, ես Հրանտի մայրիկն եմ։ Ու էդտեղ ամբողջը ջրի երես էր դուրս եկել:

Մարդ տեսակը նրա մեջ ուրիշ էր, անասելի բարի էր ու նվիրված:

Նպատակ ուներ ծառայությունից հետո անցնել աշխատանքի ու ամենակարեւորը՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա գնել։ Ուզում էր նաև շարունակել բռնցքամարտիկ դառնալու իր ուղին:

Հարազատները պատմում են, որ մի քանի ամիս էր մնացել ծառայության ավարտին, երբ պատերազմը սկսվեց։ Ասում են՝ այնքան հանգիստ էր խոսում պատերազմի ընթացքում, որ ոչ ոք չէր հավատում, որ առաջնագծում էր:

Մարտական ընկերների խոսքով՝ համարձակ էր Հրանտը, կռվի թեժ պահին, երբ նահանջի հրաման էր ստացել, ասել էր՝ ես նահանջող տղա չեմ։ Ու հոկտեմբերի 28-ին Հրանտը ճակատագիրը հավերժ կապեց հայրենիքի հետ: